Գերմանական բյուջետային Eurowings-ը կկատարի Բեռլին-Երևան ուղիղ չվերթներ

2024 թվականին գերմանական Eurowings ավիաընկերությունը ուղիղ օդային հաղորդակցություն կբացի Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով: Այդ մասին ասված է Հայաստանում ԳԴՀ դեսպանության Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունում:

Աղբյուրի համաձայն, չվերթը կսկսի իրականացվել հաջորդ տարվա մայիսի վերջից: Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, դոկտոր Մարտին Պետցոլդը և եվրոպական և հայ մասնագետների ասոցիացիայի ներկայացուցիչը Բեռլինում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ են անցկացրել Eurowings-ի հետ ՝ դիտարկելով վերոնշյալ երթուղին ավիաընկերության ամառային չվերթների ցանկում ներառելու հարցը:

«Ուրախ ենք հայտնել, որ քննարկումների արդյունքը դրական է: Սա հնարավորություն կտա Հայաստանին կրկին ավելի տեսանելի դառնալ Բեռլինի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար, իսկ ուղիղ չվերթը անշուշտ կամրապնդի տնտեսական և սոցիալական կապերը։ Այսօրվանից թռիչքներ արդեն կարելի է ամրագրել»,- նշվում է դեսպանության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Eurowings GmbH-ն գերմանական բյուջետային ավիաընկերություն է, որը տեղակայված է Դյուսելդորֆում։ Այն Lufthansa Group ավիահոլդինգի դուստր ստորաբաժանումներից մեկն է։ Ս. թ. մայիսի 29-ից Eurowings ավիաընկերությունը սկսել է շաբաթական 1 անգամ Դյուսելդորֆ-Երևան-Դյուսելդորֆ ուղղությամբ չվերթներ իրականացնել՝ երկուշաբթի օրերին: 2021 թվականի օգոստոսին ավիաընկերությունը շաբաթական չվերթներ է սկսել Կոնրադ Ադենաուերի անվան օդանավակայանից դեպի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:

ajax-loader