Չինական ERNIE Bot չաթ-բոթը «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում նշել է աշխարհի ամենաուժեղ բանակները, դրանց թվում են ռուսականը, ամերիկյանը եւ չինականը։
«Դժվար է ասել, թե որ բանակն է ամենաուժեղն աշխարհում, որովհետեւ յուրաքանչյուր բանակի ուժի եւ առավելությունների վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում երկրի չափը, տնտեսական հզորությունը, ռազմական տեխնոլոգիաները, ռազմավարությունը եւ մարտավարությունը, անձնակազմի որակը»,- գրել է բոթը՝ պատասխանելով թղթակցի համապատասխան հարցին։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենահզոր բանակներից մեկը՝ առաջավոր ռազմական տեխնոլոգիաներով եւ հսկայական ռազմական հզորությամբ։ «Ռազմական բյուջեն, սպառազինությունների եւ տեխնիկայի քանակությունն ԱՄՆ բանակում ամենամեծերից են աշխարհում»,- գրել է բոթը։
«Ռուսական բանակն աշխարհի ամենամեծ բանակներից մեկն է, որն ունի մեծ ռազմական հզորություն եւ ռազմավարական ռեսուրսներ։ ՌԴ բանակը մեծ է մասշտաբներով, այն ունի առաջավոր սպառազինություններ եւ ռազմավարական միջուկային զենք»,- նշել է ERNIE Bot-ը։
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը, նրա կարծիքով, նույնպես աշխարհի ամենամեծ բանակներից մեկն է։ «Չինաստանի բանակը մեծ է մասշտաբներով եւ ունի առաջավոր ռազմական տեխնոլոգիաներ եւ սպառազինություն, ինչպիսին են անօդաչուները, հրթիռները եւ ավիակիրները»,- գրել է նա։
Ընդ որում՝ բոթը նշել է, որ Հնդկաստանի բանակն ամենամեծ բանակներից մեկն է Հարավային Ասիայում, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի բանակներն ամենամեծերից են Եվրոպայում. երկու բանակներն էլ մեծ չեն չափերով, բայց «ունեն առաջավոր սպառազինություն եւ ռազմավարական միջուկային զենք»։ Առաջինի ներկայությունը մեծ է Աֆրիկայում, երկրորդինը՝ արկտիկական տարածաշրջանում։
«Ինքնապաշտպանության ճապոնական ուժերն ունեն զգալի ռազմական հզորություն եւ ռազմավարական ռեսուրսներ, դրանք չափերով մեծ չեն, բայց ունեն առաջավոր սպառազինություն եւ ռազմավարական միջուկային զենք, ինչպես նաեւ լայնորեն ընդգրկված են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- գրել է բոթը։
Ընդհանուր առմամբ, նշել է ERNIE Bot-ը, յուրաքանչյուր երկրի զինված ուժերն ունեն իրենց ինքնատիպ առավելությունները եւ թերությունները, եւ իրական ուժը ոչ միայն դրանց թվաքանակն է, այլեւ դրանց համալիր հզորությունը եւ իրական մարտական փորձը։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ