Էր Ռիադը կարգելափակի COP28-ի փաստաթուղթը, եթե այնտեղ լինի հանածո վառելիքից հրաժարվելու դրույթ

Սաուդյան Արաբիան մտադիր է արգելափակել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի (COP28) ամփոփիչ փաստաթուղթը, եթե այնտեղ լինի վառելիքի հանածո տեսակներից աստիճանաբար հրաժարվելու մասին դրույթ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Սաուդյան Արաբիայի պատվիրակության աղբյուրը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի բանակցությունները, որոնց ընթացքում պատվիրակությունները քննարկում են ամփոփիչ փաստաթղթի նախագիծը, մտել են փակուղի։ COP28-ի մասնակիցների մեծ մասը, այդ թվում՝ Եվրամիության երկրների պատվիրակությունները, պնդում են փաստաթղթի տեքստում հանածո վառելիքից աստիճանանբար հրաժարվելու մասին դրույթ ներառելու անհրաժեշտությունը:

Նրանցից ոմանք, ինչպես նշել է աղբյուրը, քննարկում են հանածո վառելիքից հրաժարման փոխզիջումային տարբերակ, սակայն ՕՊԵԿ-ի երկրները, ներառյալ՝ Սաուդյան Արաբիան և Իրաքը, կտրականապես դեմ են ցանկացած դրույթի, որը կշոշափի ածխաջրածինների արդյունահանման և օգտագործման հարցը:

«Մենք պատրաստ ենք արգելափակելու փաստաթուղթը, եթե այն բովանդակի հանածո վառելիքից հրաժարվելու մասին որևիցե ձևակերպում: Նման որոշումը սպառնալիք կստեղծի ոչ միայն այն երկրների համար, որոնց տնտեսական զարգացումը կախված է ածխաջրածինների արտահանումից, այլև բացասական հետևանքներ կունենա ամբողջ աշխարհի էներգետիկ անվտանգության համար… Այն երկրները, որոնք հանդես են գալիս (հանածո վառելիքից) հրաժարվելու օգտին, չեն հասկանում, թե դա որքան վտանգավոր է հենց իրենց համար», – ընդգծել է գործակալության զրուցակիցը:

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Դուբայում անցկացվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովը, որին հյուրընկալվել է ավելի քան 70 հազար պատվիրակ տարբեր երկրներից, ներառյալ՝ պետությունների ղեկավարներ, խոշոր բիզնեսի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հետազոտողներ, փորձագետներ և լրագրողներ։ 

ajax-loader