ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պրոտեկցիոնիստական քաղաքականությունը BRICS-ի անդամ պետությունների և դրանց գործընկերների նկատմամբ անհեռանկարային է: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Առևտրային և մաքսատուրքային պատերազմներում հաղթողներ չկան, իսկ պրոտեկցիոնիզմն ապագա չունի», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի ծրագրերը 10%-ի չափով մաքսատուրքեր սահմանելու BRICS-ին աջակցող երկրների նկատմամբ։
Ինչպես նշել է չինացի դիվանագետը, Պեկինը մշտապես դեմ է հանդես գալիս ճնշում գործադրելու և հարկադրելու նպատակով մաքսերի կամայական կիրառմանը։
«Դա չի համապատասխանում կողմերից ոչ մեկի շահերին», – հավելել է նա։
Մաո Նինը նաև հիշեցրել է, որ BRICS-ը կարևոր հարթակ է կազմավորվող շուկաների հետ պետությունների փոխգործակցության համար՝ «քարոզելով բացության սկզբունքը, ներառականությունը և փոխշահավետ համագործակցությունը»։ Նա հիշեցրել է, որ այդ միավորումը չի ձգտում հրահրել միջբլոկային առճակատում։
Ավելի վաղ Թրամփը զգուշացրել էր, որ BRICS-ի քաղաքականությանն աջակցող պետությունների նկատմամբ կսահմանվեն լրացուցիչ 10% առևտրային մաքսատուրքեր: