Bloomberg․ Եվրոպայում գազի գինը շարունակում է իջնել վերականգնվող էներգիայի շնորհիվ

Գազի գինը Եվրոպայում 2023թ. իջել է 60 տոկոսով՝ 2022թ. բարձրակետի համեմատ, նվազումը շարունակվում է հիմնականում գազի ռեկորդային պաշարների եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների շնորհիվ, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։

Չնայած պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը անցած տարվա հոկտեմբերին եւ իրավիճակին Կարմիր ծովում՝ հեղուկացված բնական գազի գինը Եվրոպայում շարունակում է իջնել։ Bloomberg-ը այս երեւույթը բացատրում է  գազի ռեկորդային պաշարներով, լայն ներդրումներով էներգիայի վերականգնվող աղբյուրներում, ինչպես նաեւ ոչ մեծ տնտեսական աճով, որը սահմանափակում է էներգիայի պահանջարկը խոշոր արդյունաբերական պետություններում։

Սակայն վտանգ կա, որ գնի իջեցումը կդադարի եւ եվրոպական երկրները, ինչպես նաեւ Ճապոնիան, ԱՄՆ-ն եւ Չինասանը նորից կբախվեն ճգնաժամի։

«Միայն գներին նայելով՝ կարող է թվալ, թե ճգնաժամն ավարտվել է,- գործակալությունը մեջբերել է Շվեյցարիայի MET International հետազոտական ընկերության ՀԲԳ առեւտրի բաժնի ղեկավար Բալինթ Կոնցի խոսքերը։- Դրանք կարող են նորից բարձրանալ անգամ այս ջեռուցման սեզոնին, եթե տեղի ունենա մատակարարումների հանկարծակի դադարեցում կամ ցրտերի երկարատեւ շրջան»։

ajax-loader