Շաբաթվա սկզբի կտրուկ անկումից հետո կրիպտոարժույթի շուկան ակտիվորեն վերականգնվում է. բիթքոյնը (BTC) կրկին վաճառվում է 59,000 դոլարից բարձր: Հիմնական կրիպտոարժույթի գինը օրական աճել է 8,1%-ով և կազմել է 59,540 դոլար։ Իհարկե, դա դեռ շատ հեռու է նախկին 67,000 դոլարից, սակայն այս տեմպերով շարունակվելու դեպքում վերականգնման համար շատ ժամանակ չի պահանջվի։
Այս շաբաթվա սկզբին կրիպտոարժույթների շուկայում առաջատարներից մեկը դառնալուց հետո Ethereum-ը ևս գրանցել է մոտ 10% աճ՝ մինչև $2,584: Այնուամենայնիվ, երկու հիմնական թվային մետաղադրամները դեռ գտնվում են ամբողջական վերականգնման ճանապարհին: Կրիպտոարժույթով աշխատող ընկերությունների բաժնետոմսերը աստիճանաբար վերականգնվում են, օրինակ՝ Coinbase-ը և MicroStrategy-ն աճել են 6%-ով։
Շուկան փորձում է կայունանալ երկուշաբթի գրանցված անկումից հետո, ինչը տեղի էր ունեցել իենի փոխարժեքի նվազման ֆոնին մեծ թվով ակտիվների վաճառքի և ռեցեսիայի մտավախությունների ֆոնին ԱՄՆ-ում պարտատոմսերի եկամտաբերության աճի պատճառով: Բիթքոյնի գինը կարճ ժամանակով նվազեց $50,000-ից այն դեպքում, երբ վերջերս վաճառվում էր մոտ $70,000-ով։ Մտահոգություններն սկսեցին աճել անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ-ում զբաղվածության մասին զեկույցի հրապարակումից հետո, որը, ինչպես պարզվեց, ավելի թույլ էր, քան սպասվում էր:
«Մենք ակնկալում ենք, որ մակրոտնտեսական գործոններն առաջին պլան դուրս կգան հաջորդ կամ երկու ամսվա ընթացքում։ Մերձավոր Արևելքում աճող լարվածության, իենի հետ կապված carry trade-ի փլուզման և ԱՄՆ-ում ռեցեսիայի մտավախություն ֆոնին բոլորի մոտ հարց է ծագում, թե երբ կամ արդյոք տեղի կունենա շուկայի հաջորդ փլուզումը»,- ասել է Bitwise Asset Management-ի վերլուծաբան Ռայան Ռասմուսենը:
Ըստ նրա՝ քանի դեռ այս մտահոգությունները չեն հանդարտվել, ներդրումային ընկերությունների մեծ մասը, հավանաբար, առաջնահերթություն կտա իրենց բաժնետոմսերի պորտֆելներին, քան կրիպտոարժույթներում ներդրումներ անելուն։
Bitcoin IRA-ի գործադիր տնօրեն Քրիս Քլայնն ասել է, որ բազմաթիվ գործոններ կրիպտոարժույթի շուկայում ստեղծում են իրավիճակ (flat), երբ ակտիվների գները տատանվում են նեղ միջակայքում՝ առանց հստակ աճի կամ նվազման միտումի:
«Կրիպտոարժույթները շարունակում են որոշակի հուսահատություն զգալ՝ հիմնականում պայմանավորված այն բանով, որ ներդրողները սպասողական մոտեցում են ցուցաբերում, թե արդյոք Դաշնային պահուստային համակարգը կնվազեցնի տոկոսադրույքները: Նաև լիովին պարզ չէ, թե արդյոք շտկումը ժամանակավո՞ր երևույթ է ավելի լուրջ մտահոգությունների նախաշեմին»,- ասել է նա։