Ստեփանավանում առաջին անգամ անցկացվեց Air Fest փառատոնը

Փոքր ինքնաթիռների ավիաշոու, ավիամոդելավորում, պարապլանով թռիչք, դրոններով շոու, ուղղաթիռներով և պարաշյուտով թռիչք, նաև փորձառու օդաչուների դասախոսություններ. Ստեփանավանում առաջին անգամ անցկացվեց Air Fest փառատոնը։ Սա արդեն 4-րդ Air Fest-ն էր, սակայն նախորդ 3-ն անցկացվել էին Արցախում։ Ստեփանավանում անցկացվող օդային փառատոնին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև Վրաստանից և Ռուսաստանից։

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի
Ամբողջ օրվա ընթացքում Ստեփանավանի օդանավակայանի երկնքում սավառնում էին թռչող սարքեր՝ տարբեր մակնիշի փոքր ինքնաթիռներ, ուղղաթիռներ, դրոններ, պարապլան, թռիչքներ իրականացրեցին նաև պարաշյուտները։

Փառատոնի կազմակերպիչների խոսքով այս պատմությունն իրականում սկիզբ է առել 6 տարի առաջ՝ Արցախում, որտեղ 2017 թվականին անցկացվել է առաջին օդային փառատոնը։

Air Fest-ը երեք տարի Արցախում անցկացնելուց հետո կորոնավիրուսի և պատերազմի պատճառով երեք տարի չի կայացել, այս տարի էլ շրջափակման պատճառով չկարողացան այն Արցախում իրականացնել, այդ պատճառով որոշվեց այն անցկացնել Ստեփանավանում:

«Նախ՝ Ստեփանավանը կլիմայի առումով շատ բարենպաստ է, բացի այդ, այստեղ կա հին օդանավակայանի վազքուղին, որը դեռ ինչ-որ ձևով հնարավոր է շահագործել փոքր ինքնաթիռների համար։ Երրորդ պատճառն էլ այն է, որ այստեղ ոչ մի միջոցառում տեղի չի ունենում, առավել ևս, երբ օդանավակայանի պես հարստություն ունեն»,- ասաց փառատոնի կազմակերպիչ, Հայաստանի ընդհանուր ավիացիայի հիմնադրամի տնօրեն Արմեն Սարգսյանը։

Ըստ նրա՝ փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում փոքր ավիացիայի զարգացմանը։ Արմենի խոսքով՝ որպեսզի փառատոնն իրականություն դառնար, օրենսդրական, կազմակերպչական մի շարք խնդիրներ են լուծվել, այսինքն՝ փառատոնն օգնում է, որ զարգացման գործընթացներն արագանան։

Ֆեստը մեկնարկեց փոքր ինքնաթիռների ավիաշոուով, որին մասնակցում էին 10-ից ավելի ինքնաթիռներ Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից։

«Այն ժամանակ փոքր քայլերով սկսեցինք․ Արցախում, ցավոք, միայն 2 ինքնաթիռ կարող էր մասնակցել, այսինքն՝ նրանք, որոնք այստեղ էին։ Քանի որ օդը փակ էր, դրսից հյուրեր չէին կարող գալ: Այս տարվա հյուրերի քանակը ցույց է տալիս, որ փառատոնը պահանջարկ ունի»,- նշում է Արմեն Սարգսյանը։

Փառատոնի կազմակերպմանն աջակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն և ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի խոսքով՝ այս փառատոնն ամբողջովին տեղավորվում է մեծ պահանջարկ ունեցող և Հայաստանում զարգացող արկածային տուրիզմի տրամաբանության մեջ։

«Մենք, իհարկե, բացի մշակույթը, բնությունը, խոհանոցն ու գինին ունենք նաև շատ հետաքրքիր արկածային փորձություններ և նման փառատոնների միջոցով կարող ենք այն առաջարկել և՛ հայաստանցիներին, և՛ իհարկե զբոսաշրջիկներին»,- ասաց Պօղոսեանը:

Կազմակերպիչները վստահ են, որ սա դեռ սկիզբն է, և հաջորդ տարիներին կավելանա թե մասնակիցների ու հյուրերի թիվը, թե աշխարհագրությունը։

ajax-loader