ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հյուրընկալել է Շվեդիայի հարկային գործակալության պատվիրակությանը՝ քննարկելու հարկային վարչարարության բարելավման ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հարկային գործակալության նախաձեռնությունը երկկողմ համագործակցության հաստատման ուղղությամբ, ինչպես նաև Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությանը (The Swedish International Development Cooperation Agency-Sida) այս գործընթացին աջակցելու համար։ Նա նաև նշել է, որ հանդիպումը վկայում է երկու երկրների հարկային մարմինների ընդհանուր տեսլականի մասին՝ ուղղված միջազգային հարկային ստանդարտների ներդրմանը, հարկային կառույցների հզորացմանը, հարկ վճարողների սպասարկման կատարելագործմանը, հարկային կարգապահության բարձրացմանը և արդար, արդյունավետ ու ժամանակակից հարկային համակարգի ձևավորմանը։
Շվեդիայի հարկային գործակալության պատվիրակությունը ևս մեկ անգամ ընդգծել է այս փաստահավաք առաքելությունը՝ կարևորելով, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իրականացված հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Assessment Tool-TADAT) գնահատումը ամուր հիմք է ստեղծել համագործակցության մեկնարկի համար։