Կրթությունն ու գիտելիքը վճռորոշ դեր ունեն հզոր հասարակության և մրցունակ տնտեսության հարցում. ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: 

Ուղերձում ասված է

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ եւ մանկավարժներ, կրթական ու գիտական ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:

Սեպտեմբերի 1-ն առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշանավորում է ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկը, այլեւ գիտելիքի եւ կրթության հանդեպ անսահման պատասխանատվության վերահաստատումը: Միայն որակյալ կրթությամբ է հնարավոր ամրացնել մեր պետության հիմքերը, նոր գաղափարներով ու ստեղծագործ մտքով հարստացնել հասարակական ու պետական կյանքը:

Այս ճանապարհին կրթությունն ու գիտելիքը վճռորոշ դեր ունեն գիտակից քաղաքացու, հզոր հասարակության եւ մրցունակ տնտեսության ձեւավորման հարցում:

Սիրելի՛ երեխաներ, պատանիներ ու երիտասարդներ, դուք եք մեր վաղվա օրվա կերտողները:  Ձեր գիտելիքն ու հմտությունները պիտի ծառայեն մեր երկրի հետագա զարգացմանը, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը եւ հաստատված խաղաղության ամրապնդմանը:

Մաղթում եմ, որ այս ուսումնական տարին լինի նոր բացահայտումների, ստեղծագործ նախաձեռնությունների եւ անսպառ եռանդի շրջան: Թող այն առաջնորդի ձեզ դեպի անձնական մեծ նվաճումներ, իսկ մեր հասարակությանը պարգեւի խաղաղություն, կայունություն եւ վստահություն վաղվա լուսավոր օրվա հանդեպ»:

ajax-loader