Robotaxi՝ 25.25 դոլար ժամավճարով․ Tesla-ն վարորդներ է հավաքագրում

Tesla-ն Flushing շրջանում հրապարակել է «Vehicle Operator, Autopilot» թափուր տեղ` առաջարկելով ամբողջական զբաղվածություն, սոցիալական փաթեթ և ժամավճար՝ 25.25-30.60 դոլար՝ կախված պաշտոնի մակարդակից։ Աշխատանքային հերթափոխերը կարող են լինել ցերեկային, երեկոյան կամ գիշերային։

Օպերատորները Robotaxi-ի ղեկին կանցկացնեն օրական 5-8 ժամ։ Նրանք կվարեն մեքենաները «Ավտոպիլոտի» աշխատանքի խափանման դեպքում, ինչպես նաև կուղարկեն տեսախցիկներից ու միկրոֆոններից ստացված տվյալները համակարգերի ուսուցման և թեստավորման համար։ Նրանց պարտականությունների մեջ է մտնում ձայնագրող սարքավորումների միացումն ու անջատումը, ծրագրային և տեխնիկական փոքր ճշգրտումները, տվյալների վերլուծությունը, հաշվետվությունների պատրաստումը և յուրաքանչյուր հերթափոխից առաջ մեքենայի տեխնիկական վիճակի ստուգումը։ Չնայած ավտոմատացման բարձր մակարդակին՝ պահանջվում է մշտական կենտրոնացում։

CNBC-ն նշում է, որ Tesla-ն դեռևս թույլտվություն չի ստացել Նյու Յորք նահանգում ինքնավար մեքենաների փորձարկումների համար։ Նույնիսկ թույլտվության առկայության դեպքում, կանոնների համաձայն, սրահում պետք է գտնվի վարորդ՝ նավտանգ երթևեկությունն ապահովելու համար, ինչը կարող է բացատրել այս հավաքագրումը։ Նման սխեմա ընկերությունն արդեն կիրառում է Սան Ֆրանցիսկոյում, որտեղ Robotaxi ծառայությունը մատուցվում է որպես վարորդով մեքենայի կանչման սերվիս, այլ ոչ լիարժեք անօդաչու։

Իլոն Մասկն ավելի վաղ հայտարարել էր, որ նախատեսում է 2026 թվականին ապահովել Robotaxi-ի հասանելիություն ԱՄՆ-ի տարածքի կեսում։

ajax-loader