Կապանի լեռնահարստացման կոմբինատի մերօրյա ընթացքի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ համարեցինք (Հանքագործի և մետալուրգի տոնի նախօրեին) զրուցել նաև ընկերության գլխավոր ճարտարագետ Հարություն Թամազյանի հետ:
–Պարոն Թամազյան, առաջին անգամ եք ներկայանում մեր լսարանին, ուստի և կուզենայինք իմանալ՝ ի՞նչ ճանապարհ եք անցել մինչև ընկերության գլխավոր ճարտարագետ նշանակվելը։
– Ծնվել եմ Լոռու մարզի Շնող գյուղում՝ ծառայողի ընտանիքում։ Բուհն ավարտելուց հետո 2005 թ․ հանքարդյունաբերական ոլորտում գործունեությունս սկսել եմ իբրև մարկշեյդեր, երեք տարի հետո արդեն եղել եմ գլխավոր մարկշեյդերի պաշտոնակատար, երկար տարիներ գլխավոր մարկշեյդեր եմ եղել Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում։ 2016 թվականից եղել եմ հանքի պետ, արտադրության պետ, գլխավոր տնօրենի տեղակալ՝ լեռնաարդյունաբերության գծով։ 2020 թ․ տեղափոխվել եմ «Լիճքվազ-թեյ» ՓԲ ընկերություն՝ գլխավոր ինժեներ։ 2023 թվականից զուգահեռ աշխատել եմ Կապանի լեռնահարստացման կոմբինատում՝ նախ կայուն զարգացման պատասխանատու, այնուհետև՝ գլխավոր ճարտարագետ, այս պահին նաև տեխնիկական տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունն եմ կատարում։
– Գլխավոր ինժեներ, գլխավոր ճարտարագետ, տեխնիկական տնօրեն․․․ Տարբեր ժամանակներում նման և այլ անվամբ այդ պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն ի՞նչ գործառույթներ ունի Կապանի լեռնահարստացման կոմբինատում։
– Առաջին գործառույթը ձեռնարկության գիտատեխնիկական քաղաքականության ռազմավարության մշակումն է՝ ինչպիսին կլինի ընկերության վաղվա օրը և տասը տարվա կտրվածքով ինչ ենք անելու, ինչ սպասելիքներ ունենք, ինչ ռիսկեր կան, ուր ենք գնում, ինչ ուղի ենք բռնել, ինչ վերազինումներ են անհրաժեշտ։ Բացի տեխնիկական պարտականությունից՝ գլխավոր ճարտարագետն օժանդակում է ընկերության մասնագիտական անձնակազմի համալրմանը, վերապատրաստմանը, կազմակերպում է թրեյնինգներ, ինժեներական անձնակազմի կառավարում է իրականացնում։ Եթե անձնակազմ չստեղծես, ինքն իրեն չի ստեղծվելու։ Պիտի համալրես, սովորեցնես, եթե անհրաժեշտ է՝ ուղարկես ֆորումի կամ դրսից հրավիրես մասնագետներ՝ տեղում դասընթացներ կազմակերպելու համար։ Ըստ իս՝ գրագետ ինժեներն ամենամեծ ռեսուրսն է։ Գլխավոր ճարտարագետը կազմակերպում է նաև գրագետ փաստաթղթաշրջանառություն։ Նրա գործառույթները ներառում են նոր տեխնիկայի ներդրումն արտադրության մեջ։ Նաև վերլուծություն ես անում, սեփական սխալներն ես փորձում հասկանալ ու շտկել, ասված խոսք է՝ յուրաքանչյուրն իր սխալի վրա է սովորում։
– Երբ հետադարձ հայացք ենք ձգում, տեսնում ենք, որ Կապանի լեռնահարստացման կոմբինատում առավել շատ մտահոգություններ եղել են ստորգետնյա հանքում…
– Աշխատանքի անվտանգությունից սկսենք, որին շատ-շատ ուշադրություն ենք դարձնում, ինչի շնորհիվ ունենք արդյունք՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո չունենք ոչ մի արտադրական վթար։ Վերջին դեպքը եղել է 2023 թ․ հունիս ամսին, որից հետո այլևս զրոյական ցուցանիշ ենք կարողացել ապահովել, ինչն աշխատանքի անվտանգության հանդեպ լուրջ վերաբերմունքի արդյունք է։ Աշխատանքային անվտանգության միջոցների հարցում ոչ մի խնայողություն չենք անում, ամեն ինչով ապահովում ենք մարդկանց, օդի տվիչներ բոլորի մոտ կան, դա թանկ հաճույք է, բայց ոչ մի բանի վրա խնայողություն չենք անում։ Բոլորը գիտեն, որ իրենք վտանգավոր գոտում են։ Օդափոխության հետ կապված անց են կացվել լրացուցիչ փորվածքներ։ Նախկինում՝ հանքի շահագործման տարիներին, ունեցել ենք X միավոր տեխնիկա հանքում, հիմա ունենք 2X միավոր տեխնիկա, կրկնակի չափով տեխնիկական պարկն ավելացել է, բայց օդափոխության համակարգն արդիականացվել է: Ներկայումս նաև ծրագրեր են իրականացվում հանքում գերժամանակակից տվիչներ դնելու ուղղությամբ, ինչի շնորհիվ դիսպետչերական կետում երևալու է՝ հանքի որ մասում ինչ վիճակ է, որտեղ կա օդափոխության խնդիր և այլն։ Օդափոխության կայանները լրիվ վերազինվել են։
Մենք ժառանգել էինք մի վիճակ, որ ամբողջ օրը խնդիրներ էին ծագում… Եթե մաքուր օդը հանք չես մղում, քառասուն րոպե հետո շնչելու օդ չի լինում։ Այսօր ունենք մի վիճակ, որ հանքում անց է կացվել ազդարարման համակարգերի Wi-Fi ցանց, գլոբալ ներդրումներ են կատարվել, հանքում՝ 100 մետր քայլելով Wi-Fi գոտու մեջ ես մտնում, ամբողջ հանքում կապի ազդարարման համակարգը ռեալ աշխատում է։ Աշխատողն իր հանքախորշում, եթե խնդիր է ունենում, երկու րոպե քայլելուց հետո կարող է իր ղեկավարին անմիջապես տեղյակ պահել, որ իր մոտ խնդիր է ծագել։ Ոչ թե աշխատողը չգիտի՝ ում գտնի, ինչպես գտնի, հանքը շատ մեծ է, մինչև 400 կիլոմետր փորվածք կա, մի շաբաթ է անհրաժեշտ, որ մեքենայով ողջ հանքով շրջես։ Այս հանքավայրը երրորդ կարգի բարդություն ունի։ Ամսական երեք կիլոմետր փորվածք ենք իրականացնում։ 30 տարի հանքավայրն աշխատում է, ամսական երեք կիլոմետր… Ամեն ինչ արվում է, որ հսկողությունն ուժեղացվի և՛ անվտանգության և՛ օդափոխության առումներով։ Լուրջ ներդրումներ ենք արել, պահեստային օդափոխիչներ կան, ամեն ինչով վերազինված վիճակ է ստորգետնյա հանքում։
– Հարստացուցիչ ֆաբրիկան, ինչպես ընդունված է ասել, հանքարդյունաբերական ձեռնարկության բաբախող սիրտն է։ Փորձեք համառոտ ներկայացնել հարստացուցիչ ֆաբրիկայի նորօրյա վիճակը։
– Պատրաստվում ենք ֆաբրիկան վերազինել։ Ասենք՝ նոր աղաց չենք տեղադրում, հին աղացները վերականգնում և վերագործարկում ենք, որ կարողանանք մեր արտադրողականությունը հասցնել ռեալ չափերի։ Ամբողջությամբ ավտոմատացնում ենք մեր կոմբինատը, որ անգամ արհեստական բանականությունը ներդրվի մեր տեխնոլոգիաների մեջ, այսինքն՝ ինքը որոշակի կառավարում իրականացնի։ Դա չի նշանակում, որ մարդկային գործոնը հետին պլան պիտի մղվի։ Ապագա ինժեներների համար սերնդափոխություն ենք կազմակերպում, քանի որ կոմբինատում 2008-2012 թվականներին է սերնդափոխություն կատարվել, կարծում եմ՝ ժամանակն է սերնդափոխության․ ոչ թե հներին տուն ուղարկել, այլ նոր սերունդ աճեցնել։ Ընկերության ինժեներական անձնակազմի միջին տարիքը 40-50 է, գոհացուցիչ է, բայց երբ հետ ենք նայում՝ ռեսուրս չկա։
– Ուղեկցող մետաղների թվում է, որքանով տեղյակ ենք, կադմիումը։
Կարողանո՞ւմ եք դա և մյուս ուղեկցող մետաղները կորզել, թե՞ նման հնարավորությունները բացակայում են առայժմ։
– Այս պահին գործընթացը նախապատրաստական փուլում է, վերջերս Բրազիլիայում մասնակցել ենք համաշխարհային ֆորումի, որ հասկանանք հանքագործության զարգացման համաշխարհային միտումները, դրանց տեխնոլոգիաները, իրենց հետ համագործակցության ուղիները։ Ներկա պահին պայմանավորվածություններ ունենք՝ անցկացնելու խորհրդակցություններ, որ հասկանանք՝ մեր հանքաքարից հնարավո՞ր է ուղեկցող մետաղներ կորզել։ Այժմ դիտարկվում է կադմիում կորզելու հնարավորությունը։ Երբ վերլուծում ենք, այսօրվա դրությամբ, միայն կադմիումի ստացման վրա արժե տեխնոլոգիական ծախսեր անել, մյուս ուղեկցող մետաղները որպես հանքաքար դիտարկելն առայժմ անիմաստ է։
– Դեռևս 19-րդ դարում, երբ այս տարածաշրջանում թափ էր առնում հանքարդյունաբերությունը, ստեղծվում էին նաև ձուլարաններ։ Հիմա էլ, ժամանակ առ ժամանակ, նման ծրագրերի մասին խոսակցություններ ենք լսում։ Նախ՝ ունե՞ք ծրագիր՝ արդյունահանվող մետաղները ոչ թե խտանյութի տեսքով իրացնելու, այլ խտանյութն այստեղ մշակելու ու վերջնական տեսքի բերելու ուղղությամբ։ Եվ արդյո՞ք դա տեխնոլոգիապես շահավետ ձեռնարկում կլինի։
– Տեխնոլոգիապես անհնարին ոչինչ չկա, սակայն տնտեսական և շահութաբերության առումներով պիտի արդարացված լինեն: Առնվազն 120 հազար տոննա խտանյութ պիտի ունենաս, որ ձուլարանի մասին մտածես։ Կոմբինատն առայժմ այդ ծավալը չունի։ Միջազգային շուկայում մետաղների գներն ինչքան պիտի աճեն, որ մտածես մետաղաձուլարան ունենալու մասին։ Ինչն այս պահին ոչ շահութաբեր է։ Նույնիսկ Ալավերդու ձուլարանը խորհրդային տարիներին աշխատել է պետական լրավճարով։ Հայաստանում արտադրվող խտանյութը չի բավարարել, որ այդ ձուլարանը ինքնածախսածածկումով աշխատի։ Որպես ռազմավարական օբյեկտ, որպես այդպիսին պահվել է։ Չինաստանում՝ շատ դեպքերում, նման ձուլարաններին պետական լրավճար է տրվում, որպեսզի անհրաժեշտ ռազմավարական մետաղն արտադրվի, իսկ Հայաստանում իրական չէ այդ մասին մտածելը:
– Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի մասին… Ի՞նչ է իրենից ներկայացնում հանքավայրն այսօր։
– Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը հանքերակային տիպի իր բարդությամբ, ինչպես նշեցի, երրորդ աստիճան ունի՝ իր ոչ սինխրոն տարածվածության, փոփոխականության պատճառով։ Հանքավայրը վերջին անգամ վերագնահատման է ներկայացվել 2008 թվականին, հաստատվել է 80 հանքերակ։ Ներկայումս գտնվում ենք վերահաշվարկի փուլում, ներկայացվել է շուրջ 280 երակ, այսինքն՝ հանքավայրում ամենօրյա շահագործման և լրացուցիչ հետախուզման աշխատանքներ ենք իրականացնում։ Ամսական միջինը կատարում ենք վեց հազար մետր շահագործողական հետախուզում, հազար մետր լրացուցիչ հետախուզում, որպեսզի մեր ռեսուրսների բազան անընդհատ ավելացվի, նորը հայտնաբերվի, քանի որ մետաղների գները բարձրանում են: Այդ հետախուզության արդյունքում ունենք մի իրավիճակ, որ բավականին մեծ ռեսուրս է ավելանում։ Ինչպես նաև ֆաբրիկայի վերազինումից հետո, երբ որոշակի չափով հանքաքարի քանակն ավելանա, ինքնարժեքն իջնի, մենք կարող ենք հանքաքարի ամենացածր պարունակությունները դիտարկել, ու հանքավայրի կյանքը, եթե այժմ դիտվում է 15-20 տարի, կհասնի մինչև 35-50 տարի։ Այս ամենն ասում եմ այսօրվա հայտնի բազայի հիման վրա, իսկ հանքավայրը նաև թևերով է շարունակվում տարածվել դեպի ներքև, բավականին մեծ հեռանկար ունի։ Մինչև այս պահը լեռնահետախուզական աշխատանքներ ենք իրականացրել արևելյան թևում, ունենք հաստատված որոշակի պաշարներ։ Նախատեսում ենք այս տարվա վերջին արևմտյան թևում լեռնահետախուզումը շարունակել, ինքը բավականին խորքային է՝ մոտ 600 մետր, փոքր-ինչ ծախսատար է տեխնոլոգիապես, բարդ, բայց ուզում ենք այնպես անել, որ այս հանքավայրի կյանքն առանց ընդհատումների լինի, և ստեղծենք մեծ ռեսուրս մեզ և սերունդների համար։
– Ինժեներական կադրերի որակը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նման ձեռնարկության հաջողությունը մեծամասամբ կախված է նրանցից։
– 2023 թվականին Կապանի լեռնահարստացման կոմբինատում գործունեությունը սկսելուց հետո մեր թիմը տեխնիկական բոլոր բաժիններում մոտ 60 տոկոսով ավելացրել է մասնագետների թիվը։ Ճարտարագիտական համալսարանի միջին որակական գնահատականից (ՄՈԳ) բարձր բոլոր ուսանողներին ընդունել ենք աշխատանքի, որպեսզի ռեսուրս ստեղծենք։ Ոչ միայն սկսնակ կադրեր ենք հավաքել, այլև հանրապետությունում հայտնի մասնագետներ, որպեսզի ինժեներատեխնիկական բազան ուժեղացնենք։ Նոր հավաքված կադրերի վերապատրաստման համար ստեղծել ենք ուսումնակրթական կենտրոն (ղեկավար՝ Հրանտ Արղամանյան)։ 25-30 ժամանոց դասընթացներ են անցկացվում, որից հետո անց է կացվում քննություն՝ գրավոր և բանավոր, կարևոր է լինում ղեկավարի կարծիքը։ Քննություն հանձնողների ստացած գնահատականի հիման վրա է նրանց աշխատավարձն ու պաշտոնը որոշվում։ Մարդիկ կան, ովքեր տասը տարի աշխատել, բայց չեն կայացել, երիտասարդների ճանապարհն են փակում։
Երիտասարդների շրջանում ամենօրյա աշխատանք է տարվում նրանց կրթական մակարդակը բարելավելու համար։ Նաև դրսից օնլայն դասընթացներ են անցկացվում, դրանք միջազգային ծրագրեր են։ Բացի դրանից երիտասարդ մասնագետ ենք ուղարկել Սանկտ Պետերբուրգի ճարտարագիտական համալսարան՝ համաժողովներին մասնակցելու, որ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներից պատկերացում կազմի։ Նաև ասեմ, որ կոմբինատը հուշագիր է ստորագրել Երևանի պետհամալսարանի երկրաբանական ֆակուլտետի հետ, ընկերությունը ուսանողների համար հատկացրել է անվճար լիցենզիաներ, լսարան է առանձնացրել, որտեղ համալսարանի ուսանողներն ընկերության հաշվին ծանոթանում են ծրագրերին։ Նման ծրագրերի միջոցով մեր անձնակազմի հետ ամենօրյա աշխատանք ենք տանում, որ պատրաստ լինեն համաշխարհային մարտահրավերներին։
Կապանի լեռնահարստացման կոմբինատը միշտ էլ եղել է Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության դպրոցը, այստեղի կադրերը որտեղ էլ գնացել են՝ իրենց լավագույն կողմերով են դրսևորել։ Մենք էլ ձգտում ենք, որ ավանդույթը պահպանվի։
– Ենթադրում ենք, որ տեխնոլոգիական առումով փոփոխությունները նույնպես ուղեկցում են ընկերությանը։ Ի՞նչ նորություններ ունեք այդ առումով և առաջին հերթին ստորգետնյա հանքում ու ֆաբրիկայում։
– Հանքում նորարարություններ բավականին ներդրվել են՝ սկսած ամրակապման տեսակներից։ Լիճքվազից բերեցինք և ներդրեցինք ամրակապումը, որ արտադրության մեջ մասսայական չէր իրականացվում։ Զուգահեռաբար կիրառում ենք գուտաբետոնով հերմեցման եղանակը․ անվտանգության հենասյուները բետոնով ենք լցնում, որ փլուզվելու հավանականությունը նվազեցվի։ Ծախսատար է, բայց անվտանգության լուրջ երաշխիքներ է ստեղծում, ինչքան էլ ասես հանքն անվտանգ է, բայց քարի տակ կանգնելն իրոք վտանգավոր է։ Հանքում կառավարման մոտեցումն է փոխվել․ նախկինում հանքը մի տեղամաս էր դիտարկվում։ Բայց քանի որ շատ է ընդլայնվել, մասնատել ենք, ինչպես երկրաբանական վերահսկողությանը մի թիմ էր սպասարկում, հիմա բաժանվել է չորս տեղամասի։ Նաև հանքում օգտագործվող մարկշեյդերական գործիքներն ենք ժամանակակից դարձրել, որ մեր աշխատանքների ճշգրտությունն ապահովենք։
– Բնապահպանությանն առնչվող ևս երկու հարց։ Արտադրական և կենցաղային թափոնների օգտագործման պրակտիկան։ Կոմբինատում միշտ էլ խնդրահարույց է եղել կեղտաջրերի չեզոքացման և դեպի ջրային օբյեկտներ դրանց արտանետումը բացառելու հարցերը։ Որքանո՞վ են կարգավորված այդ հարցերը։
– Կոմբինատում կա երեք տեսակի ջուր՝ ֆաբրիկայի պոչամբարի ջուր, վարչական շենքի սովորական կոյուղային և հանքի ստորերկրյա ջրերը։ Պոչամբարի ջուրը փակ շրջանառությամբ է գործում, այդ ջուրը մտնում է կոմբինատ, նորից մաքրվելով վերադարձվում է շրջանառության, այսինքն՝ հանքաքարի վերամշակման ջրի արտահոսք չի լինում։ Բնականաբար, ջրի մի մասը գոլորշիանում է, բացը լրացվում է տեխնիկական ջրով։ Վարչական շենքի ջրերը միանում են քաղաքային կոյուղուն։ Հանքի ջրերը կուտակվում են դրանց համար նախատեսված ջրավազաններում, որտեղ ենթարկվում են մեխանիկական մաքրման, ընդ որում՝ կրկնակի։ Ինչ վերաբերում է արտադրական և կենցաղային թափոններին, դրանք արտադրական տարածքից դուրս են բերվում առանձին, կուտակվում են դրանց համար առանձնացված պահեստներում և ըստ պետական լիկվիդացիայի ընթացակարգի՝ համապատասխան լիցենզավորված կազմակերպությունները տեղափոխում են վերամշակման։
– Կուզենայինք ծանոթանալ ընկերության պոչային տնտեսության վիճակին։ Գործող պոչամբարում տարիներ շարունակ ընդլայնման, պատվարի ամրակայման աշխատանքներ են իրականացվել։ Կարո՞ղ ենք փաստել՝ գործող պոչամբարը կամ Գեղանուշի պոչամբարը բավարարում է ընկերության կարիքները, թե՞ այն ընդլայնելու կամ նորը կառուցելու խնդիր ունեք։
– Հայաստանի Հանրապետության պետական ռազմավարության ընթացակարգում հստակ նշված են պոչամբարների շահագործման հեռանկարները։ Քանի որ մեր պոչամբարը ժառանգություն է հասել նախկին Խորհրդային Միությունից, ուներ վերընթաց համակարգ, ինչը սեյսմիկ գոտիներում բացարձակ արգելված հանգամանք է։ Նախկին սեփականատերերը 2019 թ․ միջազգային փորձագետներ էին հրավիրել, ովքեր բացասական եզրակացություն էին տվել, նաև ցուցում տվել, որ լրացուցիչ ամբարտակ տեղադրվի, որպեսզի պոչամբարի կայունությունն ապահովվի։ Սակայն համակարգը չէր փոխվել։ Հիմա աշխարհում ընդունված ամենաժամանակակից մեթոդը կենտրոնահեն տարբերակն է, որը սեյսմիկ գոտիներում ամենաարդյունավետ մոդելն է։
Մենք պատրաստվում ենք մոնիտորինգի (մշտադիտարկում) նոր համակարգեր տեղադրել՝ անգլիական սեյսմոգրաֆ սարքերով, որպեսզի դիսպետչերական կետերում բոլոր ցուցանիշները գրանցվեն՝ որտեղ ինչ է կատարվում, այսպես ասեմ՝ վեց ամսվա կտրվածքով կարելի է տեսնել, թե ինչ է կատարվում պոչամբարում։ Պոչամբարի հետ կապված վերընթաց համակարգն ենք փոխում՝ կենտրոնահենի, քանի որ վերընթաց համակարգը միջազգային պրակտիկայում իրեն ոչ մի ձևով չի արդարացված։ Պոչամբարի բոլոր վթարները՝ Կոլումբիայում և այլուր, եղել են վերընթաց համակարգի պատճառով։ Հիմա պատրաստվում ենք կիրառել կենտրոնահեն տարբերակը, ինչպես նաև իրականացնում ենք ռեկուլտիվացիոն աշխատանքներ վերջին վեց ամսում։ Հյուսիսային պատվարն ամբողջովին ռեկուլտիվացվել է, կանաչապատվել։
Ամփոփեմ ասվածը՝ պոչամբարի գործունեության համակարգը փոխում ենք, հանրային նոր լսումների հետ կապված՝ պատրաստվում ենք փոխել համակարգը և այս պահին նոր պոչամբար չենք պատրաստվում կառուցել, եղածը դեռևս բավարարում է։ Նպատակը եղած պոչամբարին ավելի կայուն վիճակի հասցնելն է։
– Աշխատանքային անվտանգության մասին…
Եվ, եթե կարելի է, մի փոքր ավելի հանգամանալից արագ արձագանքման լեռնափրկարար ջոկատի մասին։
– Անվտանգության մասին վերևում ահագին խոսվեց, լեռնափրկարար ջոկատի մասին կխոսեմ. այն անցյալ տարվա հունիսից սերտիֆիկացված է, վերազինված է անհրաժեշտ ժամանակակից պարագաներով։ Հայաստանի լավագույն լեռնափրկարար ջոկատներից է՝ ապահովված և՛ մարդկային, և՛ գույքային ռեսուրսներով։ Լեռնափրկարար ջոկատն ամենօրյա այցեր է կատարում հանքավայրի ռիսկային տեղամասեր, ստուգում ապաստարանների վիճակը, ուսումնական տագնապներ է կազմակերպում, ինչպես նաև դասընթացներ իրականացնում՝ թե ինչպես (արտակարգ իրավիճակում) առաջին օգնություն պիտի կազմակերպել մարդկանց: Անձնակազմի յուրաքանչյուր անդամ իր հավաքատեղին գիտի, ապաստարաններն ամեն ինչով ապահովված են…
– Շրջակա միջավայրի մշտադիտարկման համակարգը․ ինչպե՞ս եք վերահսկում կամ կառավարում բնական միջավայրի վրա ընկերության գործունեության ազդեցությունը։
– Այո, մենք ստուգում ենք և՛ ջրերի, և՛ կենսաբազմազանության վրա շրջակա միջավայրի ազդեցությունը: Նաև անկախ կազմակերպություններից հրավիրում ենք մարդկանց, ովքեր մոնիտորինգ են անցկացնում: Ընկերության բնապահպանական բաժինն իր չափիչ սարքերով ստուգում է օդի բաղադրությունը, թե որքանով է աղտոտված, օրինակ, Կապանի Բաղաբերդ թաղամասում: Թույլատրելի սահմաններ կան, որոնք անցնելու դեպքում տուգանք ես վճարում: Անցյալ տարի ֆաբրիկայից փոշու արտահոսք էր արձանագրվել, ժողովուրդը բողոքում էր, ջրային երեք թնդանոթ տեղադրեցինք, հարցը բավականաչափ լուծվեց:
– Որպես գլխավոր ճարտարագետ, ի՞նչն է ամենից առավել Ձեզ մտահոգում:
– Երկրին խաղաղություն լինի, մյուս բոլոր հարցերը լուծելի են: Եթե վաղվա օրվա հանդեպ հավատը լիարժեք լինի, հայը ստեղծող ազգ է, մենք խելացի մարդկանց պակաս չունենք: Իսկ Կապանում շատ խելացի ժողովուրդ է ապրում: Կապանում շատ հեշտ է հանքարդյունաբերության գործ կազմակերպելը: Նախ՝ ժողովուրդը գրագետ է, հետո եթե երեխան տեխնիկական գիտելիքներ չունի, սպորտային խմբակ են ուղարկում: Տեսնում ես՝ երեխան անիմաստ չի մեծացել: Ժողովուրդը շատ լավ մակարդակ ունի, շփումը հեշտ է, գրագետ են: Աշխատանքի կազմակերպման ամենահեշտ ճանապարհը գրագետ մարդու հետ աշխատելն է:
– Այն ամենը, ինչ տեսանք կոմբինատում, հաճելի է, այնուամենայնիվ, ինչ խոշոր ծրագրեր ունեք՝ տեխնիկական վերազինման տեսակետից, որ առաջիկա տարիների համար համարում եք առաջնահերթ:
– Ընկերության քաղաքականության առումով կայունացման փուլից անցել ենք զարգացման փուլ, սկզբից՝ 2023 թվականին շատ դժվար էր, ներկայումս ընկերությունն ունի զարգացման հեռանկարային ծրագրեր, որոնք միտված են հանքավայրի կյանքը երկարացնելուն, որոշակի ներդրումների, վերազինումների շնորհիվ արտադրանքի ինքնարժեքը իջեցնելուն: Առաջիկայում նախատեսում ենք լեռնահետախուզական աշխատանքները զարգացնել, ունենալ մի իրավիճակ, որ գոնե 30-40 տարով երկարաձգենք ընկերության կյանքը: Մանավանդ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրն ունի թևերով տարածվելու ռեսուրսներ: Իսկ այսօր, մետաղների գների բարձրացման հետ կապված, կան կիսաշահագործված, կիսալքված հանքավայրերը վերակենդանացնելու խնդիրներ, որպեսզի մեզնից հետո եկող սերունդն էլ աշխատանք ունենա:
Ազբյուրը՝ syuniacyerkir