Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին պատվիրատու սահմանելու մասին որոշում կայացրեց։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կնքվել է պայմանագիր «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան շենքի վերանորոգման համար: Պայմանագրի գումարը կազմում է 499,001,343.7 ՀՀ դրամ, մատակարարին է վճարվել 124,750,000.0 ՀՀ դրամ գումար` որպես կանխավճար:
Նախագծով նախատեսվում է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի ներքին հարդարման և ինժեներական աշխատանքների գնման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության և «ԲԻԼԴՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի միջև կնքված համաձայնագրով նախատեսված պատվիրատուի լիազորությունները վերապահել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:
Միաժամանակ նախագծով նախատեսվում է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի ներքին հարդարման և ինժեներական աշխատանքների տեխնիկական հսկողության գնման նպատակով պայմանագրով նախատեսված պատվիրատուի լիազորությունները նույնպես վերապահել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:
Կառավարության որոշման կիրառման արդյունքում ակնկալվում է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի վերանորոգման բնականոն գործընթացի ապահովումը: