Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնելու համար:
Ինչպես տեղեկացրին Հանրային հեռուստաընկերությունից, մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող այն երեխաները, որոնք 2025 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան։ Լսումներին կարող են դիմել ինչպես մենակատարներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ մինչև 6 մասնակցով։
«Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին փուլին և ներկայացնել նախընտրած երկու երգի քավր տարբերակ՝ կենդանի կատարմամբ։ Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն երկրորդ փուլ, որի ընթացքում հայկական և միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին, ինչպես նաև մասնագիտացված ֆոկուս խումբը կընտրեն հաղթողին։
Ըստ աղբյուրի՝ լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 15-ը լրացնել հայտ՝ այցելելով պաշտոնական կայք՝ www.eurovision.am։
Մանկական Եվրատեսիլը ոչ միայն մրցույթ է, այլ նաև բացառիկ հնարավորություն՝ ստեղծագործող և տաղանդավոր երեխաների համար իրենց ձայնը հասցնելու միջազգային բեմ։
Լրացուցիչ տեղեկությունների համար հետևեք մեր պաշտոնական ալիքներին և սոցիալական մեդիայի էջերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Մրցույթի հաղթող մասնակիցը իր երգով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում, որը կկայանա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: