Երիտասարդ կինոռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանի «84-ի ամառը» ֆիլմի հերոսներն ուսանողական ընկերներ են, որոնք շատ տարիներ անց պատահաբար հանդիպում են ծերանոցում և որոշում «վերադառնալ» անցյալ՝ տարբեր հարցերի պատասխաններ ստանալու նպատակով։
Զգացմունքային կինոնկարը, որը հիշեցնում է ընկերության, նվիրվածության, սիրո և մի շարք այլ կարևոր արժեքների մասին, ցուցադրվեց 22-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին։
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է։ Հաճույքով է համագործակցել սցենարիստի հետ, քանի որ կինոնկարում ներկայացված ժամանակաշրջանն իրեն շատ հետաքրքիր է։
Սկզբում «84-ի ամառը» նկարահանվել է որպես սերիալ, հետո վերածվել է լիամետրաժ ֆիլմի։ Հովհաննիսյանը խոստովանում է՝ շատ բարդ է եղել թե՛ սցենարային, թե՛ տեխնիկական առումով դա անելը։ Կարծում է՝ դա իրենց հաջողվել է։
Ֆիլմը մեկ անգամ ցուցադրվել է ԱՄՆ-ում։ Հայաստանում առաջին անգամ էր ցուցադրվում։
Հովհաննիսյանը ոգևորված է, որ կինոնկարի երևանյան պրեմիերան կազմակերպվել է մի փառատոնի ընթացքում, որում ներկայանում են կինոաշհարհի համաշխարհային դեմքերը։

«84-ի ամառը» ֆիլմում զուգահեռ երկու իրականություն է ներկայացվում՝ 1984 և 2024 թվականները։ Հանդիսատեսն ակամայից վերհիշում է 1980-ականների երաժշտությունը, կինոարվեստը, մոդան, մարդկանց նիստուկացն ու ապրելակերպը։ Ակնհայտ է մի բան՝ կան արժեքներ, որոնք հարատև են բոլոր ժամանակներում։
Գլխավոր հերոսներին մարմնավորում են Արթուր Կարապետյանը, Լևոն Հարությունյանը, Թելման Խաչատրյանն ու Ներսես Ավետիսյանը։ Ֆիլմում նաև նկարահանվել են Հռիփսիմե Նահապետյանը, Ժաննա Վելիցյանը, Օլյա Հակոբյանը, Անի Պետրոսյանը, Իշխան Ղարիբյանը, Էրվին Ամիրյանը, Արաքսյա Խաչատրյանը և այլք։
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է հուլիսի 13-20-ը։ Այն իր շուրջ է համախմբել կինոյի ոլորտի կարկառուն նեկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև հարյուրից ավելի ֆիլմեր, որոնցից շատերը մրցանակների են արժանացել Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններում։
Պատվավոր հյուրերից են Ամիր Նադերին, Ջաֆար Փանահին, Մարկո Մյուլերը, Աբդեռահման Սիսակոն, Ադա Սոլոմոնն ու Աթինա Ռախիլ Ցանգարին և այլ կինոգործիչներ։ Նրանք քննարկումների, վարպետության դասերի, աշխատարանների միջոցով իրենց փորձն ու արվեստն են ներկայացնում կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ