Մոսկվայում կայացել է հայագիտական միջազգային գիտագործնական կոնֆերանս

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի (ՄՊԼՀ) հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ բուհում կայացել է միջազգային գիտագործնական կոնֆերանս՝ «Հայագիտությունը լեզուների և մշակույթների համատեքստում. հայ մտածողների և արտասահմանյան հայագետների ժառանգությունը միջմշակութային տարածքում» խորագրով։ 

Բացման խոսքում համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վլադիմիր Ստորոժևը կարևորել է միջոցառման դերը հայ-ռուսական բազմադարյա բարեկամության խորացման գործում՝ բարձր գնահատելով հայագիտական կենտրոնի կատարած արդյունավետ աշխատանքը։ 

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչ Ռոզա Անտոնյանը։ Այնուհետև գիտաժողովը շարունակել է իր գործնական աշխատանքը։ 

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ՌԴ Նախագահին առընթեր ռուսաց լեզվի խորհրդի անդամ, ՄՊԼՀ վաստակավոր պրոֆեսոր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Իսկրա Կոսմարսկայան, Միջազգային համագործակցության նախագծային գրասենյակի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլգա Եգորովան, ԱՊՀ և հարակից երկրների լեզուների ու մշակույթների ամբիոնի դոցենտ, ինչպես նաև Ուզբեկստանի պետական համաշխարհային լեզուների համալսարանի ուզբեկական լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր Բեգամ Կարաևան, Տաջիկական ազգային համալսարանի տաջիկերեն լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Սաֆարգուլ Խալիմովան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը և այլոք։ 

Կոնֆերանսի շրջանակում քննարկվել են հայագիտության դերը համաշխարհային գիտական տարածքում, տարբեր մշակույթների երկխոսության մեջ հայոց լեզվի նշանակությունը, ինչպես նաև հայ մշակութային ժառանգության ընկալումը և ուսումնասիրումը օտարազգի գիտնականների կողմից։ 

ՄՊԼՀ Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնի տնօրեն Արմինե Մարտիրոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ միջմշակութային հարաբերությունների միջավայրում սեփական ինքնության պահպանման կարևորագույն գրավականներից մեկը մայր լեզվի արժևորումն ու նրա ներկայացումն է հատկապես գիտական հարթակներում։ «Այս առումով կարող ենք հպարտությամբ ասել՝ հայոց լեզուն, որն ունի հազարամյակների պատմություն, ամփոփում է հսկայական մշակութային ժառանգություն։ Կարծում եմ՝ դա ևս մեկ անգամ վերահաստատվեց գիտաժողովի ընթացքում»,- ասել է մեր զրուցակիցն ու ավելացրել, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու։ 

ajax-loader