Մինչև այս պահը դե յուրե որոշված էր, որ համընդհանուր հայտարարագրման շրջանակներում սոցիալական կրեդիտներով քաղաքացիները կարող էին հետ ստանալ մանկապարտեզների, դպրոցների և բուհերի ուսման վարձերի պարագայում և առողջապահության ապահովագրության դեպքում. Այժմ այդ շրջանակն ընդլայնվում է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա պարզաբանեց, թե ինչ է սոցիալական կրեդիտների համակարգը. «Խոսքը այն մարդկանց մասին է, որոնք աշխատում են և նրանց աշխատավարձի համար հաշվեգրված է եկամտային հարկ և մարդիկ հայտարարագրվող ժամանակաշրջանում ծախսեր են արել այս ուղղություններով: Այդ դեպքում մարդիկ հայտարարագիրը ներկայացնելուց հետո, սոցիալական այդ ուղղությամբ արած ծախսերից մինչև 100,000 դրամ կարող են ետ ստանալ: Այսինքն իմաստը հետևյալն է, մարդը աշխատել է, եկամտային հարկ է վճարել, բայց նաև զուգահեռ ծախս է արել կառավարության սահմանած ուղղություններով, հիմա կառավարությունը տեսնում է, որ հայտարարագրում մարդը այդ ծախսը արել է, ասում է, որ մինչև 100,000 դրամ մենք վերադարձնում ենք»:
Փաշինյանը նկատեց, որ սա վերաբերում է նաեւ այն անձանց, որը տուն է վարձով տվել եւ դրանից եկամտային հարկ է վճարել:
«Այստեղ մի կարևոր նրբություն կա, որ այս գումարները վերադարձնում են մարդու վճարած եկամտային հարկից։ Այսինքն եթե մարդը այլ ծրագրերով, օրինակ, հիփոթեքային վարկի հայտնի ծրագրով, եկամտային հարկի վերադարձ է ունեցել, այս 100 000 սոցիալական կրեդիտը հետ է ստացվում այն պարագայում, երբ իր վճարած եկամտային հարկի մնացորդ դեռ գոյություն ունի»:
Փաշինյանը թվարկեց, թե որ ծախսերի դեպքում է քաղաքացին հետ ստանում գումարները. «Ուսման վարձ, քոլեջում ուսման վարձ, վճարովի դպրոցում ուսման վարձ, մանկապարտեզի վճար, առողջապահության ապահովագրություն: Հիմա այս նոր որոշմամբ արդեն նաեւ երաժշտական դպրոցի, արվեստի դպրոցի, գեղարվեստի դպրոցի, պարարվեստի դպրոցի, արտադպրոցական կազմակերպությունների ամենատարբեր կրթական ծրագրերի ծախսերը: Ասենք գնացել են լեզվի, սպորտի, ինժեներական խմբակ, IT խմբակ և այլն: ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները: Այս բոլոր ուղղություններով մարդիկ կարող են իրենց վճարած գումարները համընդհանուր հայտարարագրման արդյունքում ետ ստանալ։
Եթե մարդը վճարել է մինչև 100,000 դրամ, ըստ էության ամբողջությամբ հետ է ստանում իր վճարած վճարը։ Եթե վճարել է դրանից ավել, մեկը էլի հետ է ստանում 100,000 դրամ»,- ասաց Փաշինյանը: Նա կոչ արեց քաղաքացիներին իրենց երեխաներին ուղարկել տարբեր խմբակներ, որը թույլ կտա հետ ստանալ դրա համար արված վճարները. «Մարդկանց ասում եմ՝ երեխեքին տարեք սպորտի, տարեք նկարչության, տարեք պարի, ամենատարբեր խմբակների, և մենք մինչև 100000 դրամը այդ վարձից կփոխհատուցենք»: