Երևանի թիվ 28 մանկապարտեզից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված 4-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել հանկարծամահության հատկանիշներով։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեն։
«Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանկարծամահության հատկանիշներով։ Այս պահին ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում հանագամանքները և պատճառները պարզելու նպատակով։ Քննչական գործողություններ են իրականացվում նաև մանկապարտեզի բուժանձնակազմի հետ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այլ հանգամանքների մասին դեռևս ոչինչ ասել չեմ կարող»,– ասել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Արաբկիր վարչական շրջանի թիվ 28 մանկապարեզում երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ուշագնաց է եղել։ Մանակապարտեզի աշխատակիցները շտապօգնություն են կանչել, բայց այդ պահին մանկապարտեզում գտնվող ծնողներից մեկը, չսպասելով մինչև շտապօգնության անձնակազմը կմոտենա, սեփական մեքենայով հիվանդանոց է հասցրել երեխային։ Հիվանդանոցում, ցավոք, երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ Թե ինչն է եղել ուշագնացության պատճառը, և արդյոք երեխան առողջական որևէ խնդիր ունեցե՞լ է, առայժմ պարզ չէ։
Ավելի վաղ Shamshyan.com–ը փոխանցել է, որ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի թիվ 28 մանկապարտեզից «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 4-ամյա երեխա է մահացել։