Մեկնարկում է «ՃԱՄՊՐՈՒԿ-2024» լրագրողական ամենամյա մրցույթը

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը և «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպությունը շարունակում են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի ավանդույթը։

Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2023 թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2024 թ. նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված, հետևյալ թեմաների և/կամ բնակչության խմբերի վերաբերյալ նյութերը.

  • Միգրացիոն գործընթացներ․ միտումներ, սահմանահատումներ, ոլորտի վերլուծություն,
  • Իմիգրացիոն հոսքեր․ կացության կարգավիճակներ, միտումներ և ինտեգրում,
  • Աշխատանքային միգրացիա, էմիգրացիոն հոսքերը Հայաստանից, ոլորտի խնդիրները,
  • Վերադարձ և վերաինտեգրում,
  • Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ․ կարգավիճակ, փաստաթղթավորման գործընթացներ, ինտեգրում, ոլորտի խնդիրներ,
  • Ապաստան հայցողներ, փախստականներ․ նրանց մասնակցությունը ընդունող համայնքի կյանքին,
  • Քաղաքացիություն չունեցող անձինք,
  • ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթաց,
  • Անկանոն միգրացիան դեպի ԵՄ, դրա կանխարգելում և հետևանքներ։

Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիայի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ և թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։
Ուշադրություն․ մրցույթի շրջանակում չեն դիտարկվի այն նյութերը, որոնք ստեղծվել են որևէ դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ վճարովի հիմունքներով։

Ներկայացված աշխատանքները կգնահատվեն ժյուրիի կողմից, ինչի արդյունքում կազդարարվեն 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակների հաղթողները։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թ. դեկտեմբերին։

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2024 թ. դեկտեմբերի 1-ը, ժամը 23.59, էլ-փոստի mcs@gov.am հասցեներով՝ պարտադիր նշելով հետևյալը.

  • հեղինակի անունը և ազգանունը, հեռախոսի համարը, էլ-փոստի հասցեն,
  • հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը), լրատվամիջոցի անվանումը։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +374 94 738 454 կամ +374 93 253 151 հեռախոսահամարներով։

ajax-loader