Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը:
Որոշման հիմնավորմն մեջ ասվում է, որ հեղեղումների պատճառով շուրջ 250 ընտանիքներ բախվել են տարաբնույթ սոցիալական խնդիրների հետ։Մասնավորապես բնակության համար նախատեսված անշարժ գույքը վնասվելու կամ ընտանիքի անդամի կորստի պատճառով ընտանիքները բախվել են ֆինանսական խնդիրների հետ և ունեն սոցիալական աջակցության կարիք։
Նախագծով առաջարկվում է.
Հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին միանվագ դրամական օգնության ձևով՝ անկանխիկ եղանակով տրամադրել սոցիալական աջակցություն
1) զոհված անձանց ընտանիքների դեպքում՝ 1 000 000 ՀՀ դրամի չափով.
2) Ալավերդի համայնքի և Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 60 000 ՀՀ դրամի չափով.
3) Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքիԱրճիս,Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով՝ 40 000 ՀՀ դրամի չափով։
Նախագծի ընդունման դեպքում՝ ըստ նախնական կանխատեսման, միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի շուրջ 250 ընտանիքների 854 անդամների, որոնց համար կպահանջվի առավելագույնը 47,960․0 հազար դրամ։
1) 490×60000=29,400,000 դրամ,
2) 364×40000=14,560,000 դրամ,
3) 4×1000000=4,000,000 դրամ։
Նախագծի ընդունման դեպքում առաջնահերթության կարգով ՀՀ պետական բյուջեից վերաբաշխման ենթակա է 4 զոհված անձանց ընտանիքներին վճարման համար նախատեսված 4 մլն դրամը, իսկ մնացած գումարը ենթակա է հստակեցման՝ հիմք ընդունելով մարզպետարաններ ներկայացված դիմումները և ընտանիքի անդամների թվի վերաբերյալ տեղեկատվությունը։