Աշխատանքներ են իրականացվում ընդլայնելու Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները՝ Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության առավել արդյունավետ և ընդգրկուն համակարգ ստեղծելու ուղղությամբ:
Այդ մասին ասել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ելույթ ունենալով Ժնևում ընթացող Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Սպառողների շահերի պաշտպանության օրենքի ու քաղաքականության միջկառավարական խմբի նիստում:
Գեղամ Գևորգյանն ասել է, որ ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է ԵՄ ստանդարտներին «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մոնիթորինգի, իրականացման և հաղորդակցության համար» ծրագրի շրջանակում:
Նա ընդգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցության կարեւորությունը՝ սպառողների պաշտպանության միջազգային լավագույն փորձին համահունչ օրենսդրական կարգավորումներ մշակելու նպատակով: