Առնվազն յոթ մարդ է զոհվել Սլովակիայի հարավում գտնվող Նովե Զամկի քաղաքի մոտ մարդատար գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով, ևս հինգը վիրավորվել են, հայտնել են տեղական շտապօգնության ծառայությունները։
«Ես վախենում եմ, որ այս դժբախտ պատահարի զոհերի թիվը կարող է աճել», – AFP-ին ասել է փրկարար ծառայության ներկայացուցիչ Պետրա Կլիմեսովան:
Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան` ժամը հինգի սահմաններում։ Միջազգային էքսպրես EuroCity 279-ը Պրահայից մեկնում էր Բուդապեշտ: Arriva ավտոբուսում եղել է ինը մարդ, այդ թվում՝ վարորդը։ Mynovezamky-ն գրում է, որ ավտոբուսը պոկվել է երկու մասի, մի մասը ետ է շպրտվել, իսկ երկրորդ մասը գնացքը քաշել է մի քանի տասնյակ մետր։ Վթարի հետևանքով գնացքի լոկոմոտիվը բռնկվել է, վարորդը վիրավորվել է։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ գնացքում եղել է 100-ից 200 մարդ։ Նրանցից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության հինգ մեքենա և երեք փրկարարական ուղղաթիռ։
Բախումը տեղի է ունեցել արգելապատնեշներով և լուսային ազդանշաններով հսկվող երկաթուղային անցումում։ Դրանք, իբր, վնասվել են նախօրեին փոթորիկից հետո և պետք է վերանորոգվեին նույն օրը, գրում է Noviny-ն։
Սլովակիայի երկաթուղիների ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս հաղորդագրությունները։