Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն արդեն 20-րդ տարին իրականացնում է «Մանկապատանեկան գրքի երևանյան» ցուցահանդես-տոնավաճառը։
Ինչպես տեղեկանում ենք ազգային մանկական գրադարանի տարածած հաղորդագրությունից, հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի փետրվարի 19-21-ն իր ստեղծման վայրում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։
«Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությունն ու միջոցառումների մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին՝ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ 2008 թվականից այս օրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»։

Բացման շրջանակում տեղի կունենա «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Կպարգևատրվեն գրադարանի՝ 2023 թվականի լավագույն ընթերցողները:
Հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ՝ տարբեր հետաքրքրությունների և տարիքային խմբերի երեխաների համար։ Այցելուները կմասնակցեն գրքերի ցուցադրությանը, երեխաները ներկա կլինեն շնորհանդեսների, կհանդիպեն ժամանակակից մանկագիրների և նկարազարդողների հետ, հնարավորություն կունենան հոգեբանի հետ խոսելու մանկական ընթերցանության կարևորության և առանձնահատկությունների մասին։ Երեք օր շարունակ երեխաների համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղեր, թեստ-առաջադրանքներ, վիկտորինաներ, հեքիաթապատումներ, վարպետության դասեր, գրքերի նկարազարդումներ, թատերական ու տիկնիկային ներկայացումներ, մուլտֆիլմերի դիտումներ, երաժշտական ունկնդրումներ:
Գրադարանի հարկի ներքո իրենց մանկապատանեկան գրականության հավաքածուներով կներկայանան հայաստանյան հրատարակչություններն ու գրատները: Այցելուները հնարավորություն կունենան ցուցահանդես-տոնավաճառին մասնակից հրատարակչություններից ձեռք բերել մանկապատանեկան գրքեր՝ հատուկ զեղչերով:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ այս տարի ևս կանցկացվի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ իրականացվող «Քո առաջին գիրքը» գրական արշավը․ գրադարանի աշխատակիցները տոնավաճառի օրերին ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին կնվիրեն գրքեր