Կիրանցի ճանապարհի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակմանը կուղղվի 9,613 մլն դրամ

Դեպի Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղ ավտոճանապարհի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար պետական բյուջեից կհատկացվի 9,613 մլն դրամ: Այդ մասին որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը` հիմնավորման մեջ նշելով, որ նոր ճանապարհի երթուղին նախագծող ընկերությանը կընտրեն առանց համապատասխան մրցույթի՝ ժամանակ խնայելու համար:

Խոսքը երկու ճանապարհների մասին է, որոնցից մեկը՝ 750 մետր երկարությամբ, նոր է կառուցվում։ Աշխատանքները վարող ճանապարհային ընկերությունները պարտավորվել են ներգրավել լրացուցիչ մարդկային ռեսուրսներ, որպեսզի ճանապարհը հանձնեն 2 ամսվա ընթացքում։ Երկրորդ ճանապարհի երկարությունը, որը Կիրանց կանցնի Աճարկուտ գյուղով, կկազմի 3,5 կմ: Այն միայն անհրաժեշտ կլինի վերանորոգել՝ նույնպես երկու ամսում:

Կիրանց-Աճակուրտ ճանապարհը պետք է այլընտրանք դառնա ճանապարհի այն հատվածին, որն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ ։ Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի որոշումների համաձայն՝ Կիրանց գյուղի շրջանում Ադրբեջանին պետք է անցնեն երկու տուն, կամուրջը, դեպի Վրաստան տանող ճանապարհահատված և մոտ 50 հողամաս:

ajax-loader