«Արտանիշ-9» հնավայրի պեղումներն ավարտական փուլում են

Ավարտին են մոտենում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Արտանիշ և Շողակաթ համայնքի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրի պեղումները, որոնք իրականացնում է ՀՀ  ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ Գերմանիայի Հալեի Մարտին Լյութերի համալսարանի հետ համատեղ, Արսեն Բոբոխյանի և Ռենե Կունցեի համաղեկավարությամբ։

Ինչպես տեղեկացրեց հայ-գերմանական հնագիտական արշավախմբի ղեկավարի տեղակալ Մարիամ Ամիրյանը, պեղումներն ընթանում են 2020 թվականից սկսած: Հնավայրում բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղի և դամբարան, որը թվագրվում է  Ք. ա.  երրորդ  հազարամյակի  առաջին կեսին:

Պեղումներից պարզվում է, որ բնակավայրի կացարաններն ունեն կլոր հատակագիծ, քարե հիմք և կավածեփ հատակներ, իսկ կացարաններից մեկի կենտրոնում բացվել է կավակերտ օջախ: Հնարավոր է, որ բնակավայրը շրջապատված է եղել քարաշարով: Այժմ հայտնի է, որ Ք.ա. 26-րդ դարում բնակատեղին ինչ-ինչ պատճառներով լքվել է, իսկ որոշ ժամանակ անց դրա տարածքում կատարվել են թաղումներ:

«Դաշտային և լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այս տարածքում ապրողները զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ, որսորդությամբ, մետաղագործությամբ, ունեցել են ինքնատիպ ճարտարապետական և բրուտագործական ավանդույթներ: Պեղումներին զուգահեռ արշավախումբը կազմակերպել է նաև միջազգային ամառային դպրոց հնագետ ասպիրանտների համար, որին մասնակցել են ուսանողներ ոչ միայն Հայաստանից, այլ Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից: Մոտ օրերս կավարտվեն դաշտային հնագիտական աշխատանքները, և հետագա միջմասնագիտական հետազոտությունները  կհամալրեն «Արտանիշ-9» հնավայրի և Սևանա լճի ավազանի հնագույն մշակույթների և հասարակությունների վերաբերյալ մեր ունեցած տվյալները»,-ներկայացրեց Մարիամ Ամիրյանը:

ajax-loader