Թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ, թե միջազգային բոլոր հարթակներում աշխատանքներ են տարվում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու պայմաններում հնարավոր դարձնելու Արցախից Հայաստան ծանր վիճակում գտնվող բուժառուների տեղափոխումը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս պահին իրականացվում է կոնսիլիումային բժշկական օգնության տրամադրում: Մեր բժիշկները կապի մեջ են, մենք էլ Արցախի առողջապահության նախարարության հետ ինտենսիվ աշխատում ենք: Անհրաժեշտ բժշկական օգնությունը պացիենտներին տրամադրվում է»,-ասաց Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ հիվանդանոցային օղակը համալրված է անհրաժեշտ բոլոր պարագաներով:
«Տարվում են նաև աշխատանքներ թե Կարմիր Խաչի հետ, թե միջազգային բոլոր հարթակներում՝ այդ տեղափոխումները հնարավոր դարձնելու»,- ասաց նախարարը:
Ադրբեջանի իշխանությունները Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անօրինական գործողությունից հետո արգելում են Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը և հիվանդների տեղափոխումը միջանցքով, արդեն 11 օր է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարողանում առողջական ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տեղափոխել Հայաստանի բուժհաստատություններ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից այս առնչությամբ տեղեկացրել են, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կողմերի՝ բոլոր որոշում կայացնողների հետ քննարկում է մանրամասներ, որոնք վերաբերում են իրենց աշխատանքի ձևաչափին: ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան վերջին անգամ բուժառուներ են տեղափոխվել ապրիլի 29-ին:
Ադրբեջանը ապրիլի 23-ից անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում: