Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտը միավորող MANOR տնտեսական շահերի միավորումը Հայաստանում է՝ անցկացնելու 30-րդ տարեկան համագումարը, որը մեծ հնարավորություն է ֆրանսիացի զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու, Ֆրանսիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու տեսանկյունից։
MANOR-ը միավորում է Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտի 80 ընկերություն՝ ունենալով 450 ֆիզիկական վաճառքի կետ և 2,5 միլիարդ եվրո տարեկան շրջանառություն։

Սա Հայաստանի համար կարևոր տնտեսական միջոցառում է, քանի որ առաջին անգամ Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտի մոտ 180 մասնագետ, այդ թվում՝ շատ խոշոր զբոսաշրջային ընկերություններ, մասնակցում են համագումարին։ Նրանց են միացել նաև իրենց հիմնական մատակարարների ղեկավարները, այդ թվում՝ ավիաընկերություններ (Air France, Transavia, Etihad, British Airways և այլն), ավտոմեքենայի վարձույթ տրամադրողներ (Hertz, Europcar և այլն), ինչպես նաև ամրագրման հարթակներ (Expedia, Amadeus, Hotelbeds և այլն) ու տարբեր այլ գործընկերներ, օրինակ՝ MCS Croisières, American Express և այլք։
GIE MANOR-ի նախագահ Գրեգորի Մավոյանը, ողջունելով համագումարի մասնակիցներին, նշեց, որ սա MANOR-ի կողմից երբևէ կազմակերպված ամենամեծ միջոցառումն է։

«Այս ուղղությունը ընտրելը հեշտ որոշում չէր, որովհետև Հայաստանը սովորական վայր չէ նման միջոցառման համար։ Մասնակիցների մեծ մասն առաջին անգամ են այստեղ, ինչը նշանակում է, որ շատ բան ունենք բացահայտելու և մեր գործընկերներին ցույց տալու»,- ընդգծեց Մավոյանը։
Նրա խոսքով՝ այս համագումարը նոր մարտահրավեր էր՝ համախմբել ոլորտի ներկայացուցիչներին նոր երկրում, հետաքրքրվել և բացահայտել այդ երկիրը։
«Հատկապես հուզված եմ, որ համագումարը տեղի է ունենում հենց Հայաստանում՝ իմ նախնիների հողում։ Մեր երկու երկրները կիսում են ոչ միայն բարեկամություն, այլև խորը, ամուր և անկեղծ եղբայրություն։ 1915 թվականի Ցեղասպանությունից հետո Ֆրանսիան իր դռները բացեց հազարավոր հայերի առաջ, իսկ Հայաստանը իր հերթին հարստացրեց Ֆրանսիան իր տաղանդներով՝ արհեստավորներով, ձեռնարկատերերով, ազատության մարտիկներով, ինչպիսին էր Միսաք Մանուշյանը, և, իհարկե, այն մեծագույն արտիստով, որին բոլորը ճանաչում են՝ Շառլ Ազնավուրով»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ այսօր իրենց ներկայությամբ ևս մեկ անգամ ամրապնդում են Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամական կապն աշխատանքի միջոցով, ինչն իրենք անում են լավագույնս` նոր մշակույթների բացահայտմամբ, նոր փորձառությունների կիսմամբ և մտքի հարստացմամբ:
«Այս երեք օրերի ընթացքում մենք հնարավորություն կունենանք ճանաչելու հայկական մշակույթը։ Հայաստանը իսկական մշակութային գանձարան է՝ իր հազարամյա պատմությամբ, գրով, երգերով, պարերով, վանքերով, արհեստներով, քարագործությամբ, մտածողներով, մեծ մարդկանցով, համեղ խոհանոցով և, իհարկե, կոնյակով։ Հայաստանը հյուրընկալության և տոնախմբության երկիր է, որտեղ միշտ ջերմ են ընդունում, հատկապես ֆրանսիացիներին»,- ասաց նա։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ շնորհակալություն հայտնեց MANOR-ին՝ այս կարևոր միջոցառումը հենց Հայաստանում կազմակերպելու համար։

«Սա կարելի է համարել պատմական իրադարձություն Հայաստանի և Ֆրանսիայի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության առումով։ Սա կարևոր ազդակ է մեր երկրների միջև նոր համագործակցության էջ բացելու ուղղությամբ։ Երբևէ Հայաստանը մեկ հարկի տակ չի հյուրընկալել Ֆրանսիայի զբոսաշրջային արդյունաբերության այսքան ազդեցիկ ներկայացուցիչների»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
Նա ընդգծեց՝ Ֆրանսիան Հայաստանի համար առանձնահատուկ շուկա է. «Մեր երկրները իրար հետ կապված են ոչ միայն դարավոր պատմությամբ և մշակույթով, այլև մեծ ու աշխույժ հայկական սփյուռքով՝ Ֆրանսիայում ապրող հարյուր հազարավոր հայերով, որոնք կամուրջ են երկու ժողովուրդների ու երկու երկրների տնտեսությունների միջև:
Պապոյանը նշեց, որ Ֆրանսիան Հայաստանի զբոսաշրջային աճ ապահովող երկրների տասնյակում է։ Նախորդ տարի այցելությունների թիվը կազմել է 29688, իսկ այս տարի 8 ամիսների ընթացքում այդ թիվն արդեն կազմում է 24500:

«Կարծում եմ, որ մեր երկրների միջև կա չիրացված հսկայական ներուժ, որը մենք ցանկանում ենք զարգացնել գործընկերության և վստահության հիման վրա։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան նաև առաջնային ուղղություններից է մեր զբոսաշրջիկների համար։ Ձեր երկրի հարուստ պատմությունը, մշակույթը, գինու և խոհանոցի ավանդույթները, ինչպես նաև ձեր տասնամյակների փորձը զբոսաշրջության ոլորտում մշտապես ներշնչել են մեզ։ Մենք հավատում ենք, որ զբոսաշրջային հոսքերի խթանումը Հայաստանից դեպի Ֆրանսիա և հակառակը կնպաստի մեր ժողովուրդների ավելի խորը փոխըմբռնմանը և երկուստեք տնտեսական աճին»,- ասաց նա:
«Հայաստանը տարածաշրջանի ամենաանվտանգ և հյուրընկալ ուղղություններից մեկն է»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ երկրի առաջնահերթություններից է պահպանել միջազգային վստահությունը՝ զբոսաշրջիկներին ապահովելով հարմարավետ և որակյալ սպասարկմամբ։
Նրա խոսքով՝ զբոսաշրջության զարգացման կարևոր պայման է ավիացիոն կապերի ընդլայնումը։ Այս պահին կան ուղիղ չվերթներ Փարիզից, Լիոնից և Մարսելից դեպի Երևան։ «Սա լուրջ ձեռքբերում է, բայց ոչ վերջնական նպատակ։ Մենք ձգտում ենք ընդլայնել այդ ցանցը՝ ստեղծելով առավել հարմար պայմաններ զբոսաշրջիկների, ներդրողների և գործարարների համար»,- ասաց նա՝ կոչ անելով ավիաընկերություններին դիտարկել նոր ուղղությունների և չվերթների ավելացման հնարավորությունը։
Պապոյանը նշեց, որ ֆրանսիացի ճանապարհորդները կգնահատեն Հայաստանի մշակութային խորությունը, պատմական հուշարձանները, գինիների և խոհանոցի համերը, ինչպես նաև անկեղծ հյուրընկալությունը։
Ըստ նրա՝ Հայաստանը, լինելով գինու հնագույն օրրան, դառնում է տպավորիչ ուղղություն թե՛ գինու սիրահարների, թե՛ մասնագետների համար։ «Մեր գինեգործական մարզերը, տեղական խաղողի սորտերն ու բուտիկ գինեգործարանները ձևավորում են անկրկնելի փորձառություն»,- ասաց նա։
Նա նաև ընդգծեց, որ վերջին տարիներին զարգանում են MICE, բժշկական, առողջարանային, ձմեռային և էկո-ագրո զբոսաշրջության ուղղությունները։ Հայաստանում գործում են ժամանակակից հյուրանոցներ, միջոցառումների կենտրոններ և փորձառու մասնագետներ, որոնք կարող են կազմակերպել ցանկացած մեծամասշտաբ բիզնես միջոցառում։
«Այս ամենը Հայաստանին դարձնում է ոչ միայն գրավիչ, այլև վստահելի գործընկեր՝ ներդրումների, համագործակցության և կորպորատիվ միջոցառումների կազմակերպման համար։ Մեր դռները բաց են բոլորի առաջ։ Հայաստան այցելելով՝ դուք այստեղ կգտնեք ոչ միայն նոր հնարավորություններ, այլև անկրկնելի փորձառություն»,- եզրափակեց նա։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս ընդգծեց միջոցառման կարևորությունը և այն, որ միջոցառումն անցկացվում է հենց Երևանում։ Նրա խոսքով՝ Հայաստանը կայուն երկիր է բարդ տարածաշրջանում, որը վստահորեն ընտրել է ժողովրդավարության ուղին։

«Հայաստանը վճռական առաջընթաց է գրանցել հարևանների հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչը թույլ կտա կրկին դառնալ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկը»,- նշեց դեսպանը։
Դըկոտինյին նաև նշեց, որ զբոսաշրջության ոլորտի մասնագետները կատարում են յուրահատուկ աշխատանք․«Դուք վաճառում եք ոչ միայն ինքնաթիռի տոմսեր կամ տուրեր։ Դուք վաճառում եք մայրամուտներ, ծիծաղի պոռթկումներ, գինու կումեր, տոնակատարության կամ լռության գիշերներ։ Այս ամենը և ավելին դուք կգտնեք Հայաստանում»։
Դեսպանը հավելեց, որ Ֆրանսիայի դեսպանատունը, տնտեսական ծառայությունն ու հյուպատոսությունը մշտապես պատրաստ են աջակցել ինչպես ֆրանսիացի զբոսաշրջիկներին, այնպես էլ գործընկեր ընկերություններին։
MANOR-ի համագումարի մասնակիցները երեք օրվա ընթացքում կբացահայտեն Հայաստանը և կփորձեն գործարար կապեր հաստատել հայ գործընկերների հետ։ Համագումարի շրջանակում նաև B2B հանդիպում կանցկացվի Գառնիի «7 Քար» համալիրի երկու սրահներում։ Այս հանդիպումը հնարավորություն կտա բոլոր ֆրանսիացի մասնակիցներին հանդիպել մոտ տասնյակ հայկական ընկերությունների հետ՝ գործարար հարաբերությունների զարգացման նպատակով։