ԶՊՄԿ-ն ներկայացրել է իր կայուն զարգացման հաշվետվությունը

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը (ԶՊՄԿ) պաշտոնապես ներկայացրել է իր 2024 թվականի կայուն զարգացման հաշվետվությունը:

Հոկտեմբերի 3-4 ը անցկացված «Հայաստանի Հանքարդյունաբերության Ֆորումի» ընթացքում կոմբինատը վերահաստատել է «նվիրվածությունը թափանցիկությանն ու կայուն զարգացմանը։

«Սա ԶՊՄԿ-ի կողմից հրապարակվող չորրորդ անընդմեջ հաշվետվությունն է՝ դարձնելով ընկերությունը Հայաստանում միակը, որը հետեւողականորեն իրականացնում է ԲՍԿ հաշվետվություն։

Այս տարվա հաշվետվությունը կազմվել է համահունչ միջազգային առաջատար չափորոշիչներին (ներառյալ՝ GRI, SASB եւ TCFD)։ ԶՊՄԿ-ն այս տարի առաջին անգամ հղում ունի նաեւ Բնության հետ կապված Ֆինանսական Բացահայտումների աշխատանքային խմբին (TNFD) եւ պարտավորվել է լիարժեքորեն ներառել այս շրջանակը իր հաջորդ հաշվետվության մեջ»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զեկույցի ներկայացումը ուղեկցվել է խորքային քննարկմամբ՝ նվիրված կայուն զարգացման հաշվետվողականության թեմային, որի մասնակիցներն էին KPMG, Grant Thornton Հայաստանի, Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի եւ ԶՊՄԿ ներկայացուցիչները։ Քննարկման ընթացքում քննարկվել են ԲՍԿ ստանդարտների աճող դերը եւ հուսալի տվյալների կարեւորությունը պատասխանատու հանքարդյունաբերության մեջ։

2024 թ. հաշվետվությունը կանցնի անկախ երրորդ կողմի կողմից իրականացվող աուդիտ, ինչը «միտված է ավելացնել հաշվետվողականությունն ու շահագրգիռ կողմերի վստահությունը»: Աուդիտն իրականացնում է Grant Thornton ընկերությունը։ 

«Մեզ համար կայուն զարգացումը միայն որոշակի նախանշված նպատակների հասնելու միջոց չէ, այլ բիզնես մոդել է, որը նպաստում է արդյունավետության բարձրացմանը, կառավարման համակարգի կատարելագործմանը, Ընկերության ամրապնդմանը եւ շահագրգիռ կողմերի հետ երկարաժամկետ համագործակցության ապահովմանը։ Այս սկզբունքները պարզապես ձգտումներ չեն, դրանք հիմնված են գործնականում իրականացվող հստակ նախաձեռնությունների վրա»,- զեկույցի նախաբանում ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին:

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն իր խոսքում ընդգծել է․ «Այս հաշվետվությունը ներառում է ինչպես մեր նվաճումները, այնպես էլ բացթողումները՝ կայուն զարգացման մեր հավակնոտ նպատակներին հասնելու ճանապարհին։ Ինչպես այս դժվար ուղու նախորդ տարիներին, 2024թ-ին եւս եղան հպարտության եւ հիասթափության առիթներ։ Հաշվետվությունում ամփոփված են մի շարք կարեւոր փաստեր, որոնք, իմ համոզմամբ, մանրամասն, ամբողջովին եւ անաչառորեն նկարագրում են մեր ուղին դեպի կայուն զարգացում»։

Հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ։

ajax-loader