Երևանի մետրոյում իրենց ծավալներով և մասշտաբներով աննախադեպ աշխատանքներ են ընթանում: Այս մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, մետրոյում թարմացվել են շարժիչները, վագոնները և շարժասանդուղքները։ Բացի այդ, արդիականացվում են թունելային, հրդեհաշիջման և ջրահեռացման համակարգերը։
Ինչ վերաբերում է «Աջափնյակ» մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծին, ապա քաղաքապետը, մասնավորապես, հայտնել է, որ այն արդեն անցել է առաջին փորձաքննությունը։ «Առջևում ունենք երեք փուլով մրցույթ՝ թունելի, կամրջի և բուն կայարանի կառուցման համար», – պարզաբանել է Ավինյանը։
Մշակվում է նաև մետրոյի նոր կայարանի՝ «Սուրմալուի» նախագիծը, որը նախատեսվում է իրականացնել մասնավոր հատվածի հետ գործընկերային համագործակցության միջոցով։