Հայաստանի համար զենքի ձեռքբերման շուկաները խիստ սահմանափակ էին, հիմա անսահմանափակ են. Փաշինյան

Լեգիտիմության ռազմավարությունը կարևոր է նաև բանակի բարեփոխումների համար, որովհետև 3-րդ հանրապետության պատմության ընթացքում ուժեղ բանակ հասկացությունը միշտ է առաջնորդել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք անընդհատ ասել ենք, որ մեզ պետք է ուժեղ բանակ, բայց սա էլ է այն թեմաներից, որ պետք է հարց տանք մեզ՝ իսկ ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ, ումի՞ց ուժեղ։ Ուեղ մի՞ պայմանական հակառակորդից, 2 պայմանական հակառակորդից, 3, թե 4։ Իսկ ո՞րն է լինելու մեր արձագանքը, եթե պարզվի, որ մի պայմանական հակառակորդն ունի իր հետ եւս 3-4 գերուժեղ ներգրավված կողմ։ Ստացվել է, որ մեր ռազմավարությունները զրո՞ են։

Իսկ ուժեղ բանակ ասելով նկատի ունենք ուժեղ դաշնակիցների հետ միասին, թե՞ առանց նրանց։ Եթե նրանց հետ միասին, այստեղ էլ տասնյակ հարցեր են ծագում։ Հետևաբար այստեղ էլ հասկացությունները ճշտելու կենսական անհրաժեշտություն կա»,- ընդգծեց վարչապետը։

Նա հարցադրում արեց, թե ի՞նչ խնդիր է դնում բանակի առջեւ պետությունը. «Այստեղ է մեր հաջորդ ռազմավարական վերաձեւակերպումը, որը հնչում է այսպես. «Հայաստանի բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք ու խնդիր չունի, բանակի խնդիրը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։

Այս լեգիտիմության ռազմավարությունը ընդամենը 2-3 տարում տվել է աներևակայելի արդյունքներ։ Օրինակ, նախկինում Հայաստանի համար զենքի ձեռքբերման շուկաները խիստ սահմանափակ էին, հիմա, ըստ էության, անսահմանափակ են։ Այդ սահմանափակումները վերացել են լեգիտիմության ռազմավարության պատճառով»,– հայտարարեց Փաշինյանը։

ajax-loader