Էկոլոգիական խնդիրների հետ մենք հիմնականում բախվում ենք ձմռան ամիսներին։ Այդ մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը նշել է, որ այդ ընթացքում օդի աղտոտվածության ցուցանիշները չափազանց մտահոգիչ են դառնում։ «Եվ ինչքան էլ մեզ թվում է, թե տաք ամիսներին ավելի շատ փոշի է կուտակվում, այնուամենայնիվ, օդի որակը չափող մեր 160 սարքերը ցույց են տալիս, որ հիմնական խնդիրը ծագում է հենց ձմռան ամիսներին»,- պարզաբանել է Ավինյանը։ Նրա հավաստիացմամբ՝ ամռան ամիսներին, գարնանը և վաղ աշնանը Երևանում նման խնդիրներ չկան։