Իրանը հույս ունի, որ մոտ ապագայում կկարողանա ռուսական գազի մատակարարումներ սկսել Ադրբեջանի միջոցով, «Գազպրոմի» հետ կապված գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Մենք այժմ բանակցություններ ենք վարում «Գազպրոմի» հետ և գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Բայց մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք գնի վերաբերյալ։ Եթե այս հարցը նույնպես լուծվի, ապա ամեն ինչ կգործարկվի», – նշել է նա՝ պատասխանելով հարցին։
Ավելի վաղ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը Ռուսաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ընթացքում հայտարարել է, որ ռուսական գազի առաջին մատակարարումներն Ադրբեջանի տարածքով գոյություն ունեցող ենթակառուցվածքով կսկսվեն արդեն 2025 թվականին, ծավալը կկազմի տարեկան մինչև 1,8 միլիարդ խորանարդ մետր։