Տարեսկզբից Սևանում փրկել են 8 քաղաքացու

Հուլիսի 1-ից Հայաստանի գլխավոր ջրային տարածքում՝ Սևանա լճում, Փրկարարներն ու ջրային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն են իրականացնում:

Հուլիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը:

Նա հայտնել է, որ սեզոնի բացման նախօրեին կատարվել է մեծածավալ աշխատանք․ կարգի են բերվել ջրային փոխադրամիջոցները և հուլիսի 1-ից մարզի փրկարարները երեք հանրային լողափերում անցել են ուժեղացված շուրջօրյա ծառայության՝ արձագանքելով ողջ ափամերձ գոտուց ստացվող կանչերին։

Խոսելով անցյալ տարի տեղի ունեցած արտակարգ դեպքերի մասին ՝ փոխգնդապետը հայտնել է, որ 2024 թվականին Սևանում 5 մարդ է ջրահեղձ եղել, ընդ որում ՝ 3-ը ՃՏՊ-ի  զոհ են դարձել, երբ ավտոմեքենան ընկել է ջուրը։  Փրկարարները միջոցառումների ընթացքում էլ են ապահովել ջրային անվտանգությունը՝ արձագանքել են 49 կանչի և փրկել 30 քաղաքացու։ Հանրային լողափերում և թերակղզում անցկացվել են 653 տեղեկատվական արշավներ, որոնց ընթացքում բարձրախոսով քաղաքացիներին հիշեցրել են անվտանգության կանոնների մասին։

2025 թվականին, բարեբախտաբար, ոչ լողաշրջանի սկզբից առաջ, ոչ էլ դրանից հետո մահվան դեպքեր չեն գրանցվել։ Փրկարարներն արձագանքել են 4 կանչի, փրկվել է 8 քաղաքացի։ Գնդապետի խոսքերով՝ արտակարգ դեպքեր հիմնականում տեղի են ունենում այն ժամանակ, երբ ալիքներն ու քամին անսարք լողամիջոցները տանում են դեպի լճի խորքը, իսկ հետո ուժեղ քամու հետևանքով ալիքները խորտակում կամ շրջում են նավը, ինչպես նաև այն դեպքում, երբ չափազանց ինքնավստահ քաղաքացիները լողում են սահամանագծից այն կողմ և չեն կարողանում վերադառնալ։ Երբեմն էլ չափազանց սառը ջուրը կարող է առաջացնել ցնցումներ։

Գեղարքունիքի մարզի ոստիկանության պարեկային ծառայության գումարտակի ջրապարեկային վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Դավիթ Գալոյանը հայտնել է, որ պարեկներն աշխատում են 4 հերթափոխով, շեշտը դրված է հանրային լողափերի վրա: Նրա խոսքով՝ խախտումների մեծ մասը վերաբերում է փրկարարական սարքավորումների բացակայությամբ նավակով կամ սկուտերով երթևեկելուն, ինչպես նաև նավակի համար փաստաթղթեր չունեցող սեփականատերերին։ Նման դեպքերում տուգանքը կազմում է 10 հազար դրամ։

Գալոյանը հանգստացողներին հորդորել է պահպանել անվտանգության, լողամիջոցների շահագործման կանոնները, չմտնել ջուրը ալկոհոլի ազդեցության տակ: Բացի այդ, շատ կարևոր է, որ լինեն լողի համար առանձնացված տարածքներ, որտեղ սկուտերներն ու նավակները չեն մտնում: Այս առնչությամբ գնդապետ Չզմաչյանը նկատել է, որ ջրային ոստիկանության ծառայությունից հետո իրավիճակը բարելավվել է․ գրեթե բոլորը հագնում են փրկարարական հագուստ և ունեն փրկօղակներ, իսկ ջրային տրանսպորտը այլևս չի մտնում լողափերի համար սահմանված գոտիներ։ Երկու կառույցներն այժմ միասին են գործում, ինչն ավելացրել է արձագանքման արդյունավետությունը։

ajax-loader