Փրկարարներն անտառային տարածքներում անցել են ուժեղացված ծառայության

ՆԳՆ ՓԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ զգուշացնելով անտառների տարածքներում հրդեհների բռնկման վտանգի մասին:

«Մինչ ամառը շարունակում է իր հաղթական ընթացքը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունից հիշեցնում են՝ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Հիշեցնում են ու անցնում ուժեղացված ծառայության։

Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի համանատար Շավարշ Գրիգորյանի խոսքով՝ սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ անտառային տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման կանխարգելման, դրանց հետևանքով բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով հուլիսի 14-ից Արարատի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների և էկոպարեկային ծառայողների հետ համատեղ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում 24-ժամյա ռեժիմով ուժեղացված ծառայություն է իրականացվում։

Ոչ ոք առանց գրանցման ու իրազեկման չի կարող մուտք գործել արգելոցի տարածք։ Շուրջօրյա հերթապահություն իրականացնող հրշեջ-փրկարարները հորդորում են խստագույնս պահպանել անվտանգության կանոնները և  չստեղծել հրդեհային իրավիճակ։

Հրշեջ-փրկարարների ծառայությունն այսքանով չի ավարտում։ Օրվա տարբեր ժամերի փրկարարները շրջում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում և բարձրախոսներով շարունակում իրազեկել՝ պահպանել անտառները՝ կանխարգելելով հրդեհների բռնկումը։

Հրշեջ-փրկարար Տարոն Անդրեասյանն ասում է, որ հրշեջ-փրկարարական մեքենաներում կազմ ու պատրաստ պահում են հրդեհը մեկուսացնելու և մարելու առաջին անհրաժեշտության պարագաները։ Բայց վստահ է՝ անվտանգության կանոնների պահպանման դեպքում հրդեհների հավանականությունը ցածր կլինի։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է՝ դրսևորել բարձր հանրային գիտակցություն, պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, իսկ անտառում հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում անմիջապես զանգահարել 911»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ajax-loader