Տնտեսական լրագրողների ակումբը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հետ կազմակերպել էր լրագրողների շրջայց դեպի կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբար։
Պոչամբարը շահագործվում է 1977 թվականից, գտնվում է Կապան խոշորացված համայնքի տարածքում, շահագործվում է հոսանքն ի վեր մեթոդով, այսինքն՝ հաջորդ պատվարի մի մասը գտնվում է նախորդի վրա, ինչպես նաև չորացված, զտված պոչերի վրա, որոնք էլ հիմք են հանդիսանում պոչամբարի բարձրացման համար։ Պոչամբարի հայելային մակերեսն այս պահին կազմում է մոտ 400 հեկտար։
Lրագրողների հետ զրույցում ԶՊՄԿ-ի պոչամբարային տնտեսության պետ Մհեր Գևորգյանը հանգամանորեն անդրադարձավ կառույցի գործունեությանն ու տեղում իրականացվող աշխատանքների բնույթին։
Նրա տեղեկացմամբ՝ ԶՊՄԿ-ի հարստացուցիչ ֆաբրիկայից մինչև պոչամբար ընկած տարածությունը կազմում է 35 կիլոմետր։ Թունելներով և հատուկ 1000 մմ տրամաչափի խողովակաշարերով պոչանքը տեղափոխվում է պոչամբար, ինչից հետո տեղում իրականացվում է ծանր և միջին մասնիկների աստիճանական նստեցում, իսկ տարալցումը տեղի է ունենում 100 մմ տրամաչափի զենիթային խողովակներով։ Հաջորդիվ ջուր ընդունող աշտարակի հատվածում պոչամբարի հեղուկ զանգվածը պարզվում է և աշտարակի միջոցով հեռացվում դեպի Աճանան գետը։

«Աշխատում ենք այնպես, որ վթարներ չլինեն կամ դրանց վտանգը հասցվի նվազագույնի, հետևաբար մեզ հնարավորինս ապահովագրում ենք ռիսկերից։ Համագործակցում ենք տեսչական մարմինների հետ և ցանկացած վթարի դեպքում տեղեկացնում նրանց՝ գնահատելով վնասի չափը։ Անհրաժեշտության դեպքում ԶՊՄԿ-ն տալիս է նաև փոխհատուցում։ Վերջին ամենամեծ վթարը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերին, որի պատճառով աղտոտվել էր Ողջի գետը, բայց հիմա նման խոշոր միջադեպեր, բարեբախտաբար, տեղի չեն ունենում, իսկ արտադրական պրոցեսի ընթացքում երբեմն գրանցվող փոքր վթարների հետևանքները վերացվում են հաշված րոպեների ընթացքում»,- պարզաբանեց Գևորգյանը։
Նա հավելեց, որ պոչամբարի լցվածության մակարդակը որոշվում է ըստ ծավալների։ Պոչամբարի նախագծի համաձայն՝ այն կարող է բարձրացվել մինչև 1015 մետր։ Ներկայումս նիշը գտնվում է 950 մետրի վրա։ Պոչամբարի պատվարի ամրության և կայունության գնահատականը տալիս են ոչ միայն Լեռնամետալուրգիական ինստիտուտը, այլև դրսից պարբերաբար հրավիրվող մասնագետները։
Պոչամբարի պարագայում հաշվի են առնվում նաև սեյսմիկ տատանումներն ու դրանցով պայմանավորված ռիսկերը։ 2024 թվականին պոչամբարի պատվարի վրա տեղակայվել է սեյսմիկ կայան, որն իր տեսակով առաջինն է Հայաստանում։ Սեյսմիկ ընկալիչները տեղադրված են նաև մայրական ապարների վրա, և ամենօրյա մշտադիտարկման արդյունքում ստացվում է համապատասխան տեղեկատվություն պատնեշի ցանկացած շարժի վերաբերյալ։ Դիտարկվում է նաև, թե կառույցն ինչպես է արձագանքում սեյսմիկ տատանումներին՝ պարզելու համար թույլատրելի և անթույլատրելի շեմերը։ Անթույլատրելի շեմի պարագայում ստացվում է հաղորդագրություն, և ԶՊՄԿ-ի մասնագետներն անմիջապես լծվում են ռիսկերի կառավարման գործին։ Այս պահին բոլոր տատանումները նորմայի սահմաններում են։
Պոչամբարի հիմնական վտանգը հեղուկացումն է, և որպեսզի կառույցի տակ ջուր չմնա և չսկսի շարժվել, 1000 մետրանոց հորատող հաստոցով փորվում է մոտ 75 մետր՝ ապահովելով կառույցի անխափան և կայուն գործունեությունը։
«Վերահսկման աշխատանքների շրջանակում հատուկ գործիքներով ամեն օր իրականացնում ենք նաև խողովակի պատի հաստության ուլտրաձայնային չափումներ։ Եթե գրանցվում է նահանջ չափանիշներից, այդ դեպքում խողովակը փոխարինում ենք նորով, որպեսզի այդ կերպ խուսափենք հնարավոր վթարներից։ Ունենք նոր ծրագիր, որով ապահովում ենք կառույցի անվտանգությունն ու կայունությունը։ Այժմ նախագծով 1220 մմ տրամաչափի նոր խողովակաշար ենք տեղադրում, որը պատված է 50 միլիմետրանոց հատուկ քարահալվածքով, որպեսզի պոչամբարային տնտեսությունն ավելի ապահով աշխատի»,- ասաց Գևորգյանը։
Կոմբինատի բնապահպանական բաժնի կողմից ամեն օր, իսկ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից պարբերաբար վերցվում են փորձաքննության համար նախատեսված նմուշներ։ ԶՊՄԿ-ի բնապահպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արծվին Ծատրյանը նշեց, որ իրականացվում են բնապահպանական մի շարք միջոցառումներ և մոնիտորինգներ։
«Ամենամյա կտրվածքով իրականացվում է նաև կենսաբազմազանության ուսումնասիրություն, որի շրջանակում պարզվում է, թե տվյալ տեղանքում ինչ բուսական և կենդանական աշխարհ կա։ Տվյալները հիմնականում օգտագործվում են ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելիս, որի միջոցով փուլ առ փուլ վերականգնվում է նույն բնական միջավայրն ու շերտը, որը եղել է նախկինում։ Վերականգված հողաշերտի վրա արդեն իսկ աճում է բուսականություն։ Նախապես հանվել և ուսումնասիրվել է բուսաշերտը, այնուհետև տնկվել են տեղանքին հարիր ծառատեսակներ։ Ուսումնասիրվում է նաև կենդանական միջավայրը։ Միտումները ցույց են տալիս, որ շրջակա միջավայրը ենթարկվում է շատ քիչ փոփոխությունների»,- մանրամասնեց Ծատրյանը։
Պոչամբարի ջուրը պարզվում է, այնուհետև ուղղորդվում դեպի Աճանան գետ, որտեղ կոմբինատն ունի հատուկ արտաթողման կետի թույլտվություն, քանի որ խստորեն հետևում է պետության կողմից սահմանված պահպանության նորմերին։ Ջրի նմուշառումներն իրականացվում են շաբաթական կտրվածքով, ինչի շնորհիվ ստացիոնար գործիքների միջոցով ստացվում են համեմատական տվյալներ։ Աճանան գետի ջուրը միանշանակ պիտանի է գյուղատնտեսական աշխատանքների համար։
«Բոլոր գետային ավազանները, որոնք ինչ-որ կերպ առնչվում են ԶՊՄԿ-ի հետ, ենթարկվում են մանրազնին ուսումնասիրության, որպեսզի պարզվի, թե դրանցում ինչ կենդանական ֆոնդ կա, ինչ տեսակներ և առանձնյակներ են բնակվում այդ հատվածներում։ Հետագայում անալիզների տվյալները վերլուծում ենք, որպեսզի հասկանանք մեր ազդեցության չափը։ Չափումներն իրականացնում ենք ինչպես մեր ազդեցությունից առաջ, այնպես էլ արտանետումներից հետո։ Ունենք համեմատական, ըստ որի՝ տարբերությունները բավականին չնչին են։ Անհրաժեշտության դեպքում վճարում ենք նաև վարչական տույժեր»,- եզրափակեց Ծատրյանը։
Աղբյուրը՝ armenpress