Շիրակում սեփական եկամուտները կատարվել են 78.3 տոկոսով

Շիրակի մարզում ապրիլի 1-ի դրությամբ  սեփական եկամուտները կատարվել են 78.3 տոկոսով։ Այս մասին ապրիլի 4-ին մարզային խորհրդի արտագնա նիստի ժամանակ նշեց մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։ Խորհրդի նիստն այս անգամ տեղի ունեցավ Անի համայնքում։ Ներկա էին մարզպետարանի աշխատակիցներ, համայնքների ու տարբեր գերատեսչությունների ղեկավարներ։

Մարզում ամենաբարձրը հավաքագրվել է տեղական տուրքը՝ 158․8 տոկոս, ամենացածրը՝ անշարժ գույքի հարկը, որը կատարվել է 58․3 տոկոսով։

Սեփական եկամուտներն ամենաբարձրը կատարել է Անի համայնքը 113․4 տոկոսով, ամենացածրը՝ Ախուրյան համայնքի կատարողականն է։ Գյումրին ու Ախուրյանը չեն ապահովել սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը։

«Մեր բոլոր համայնքների աշխատանքում հետևողականությունն ու աչալրջությունը չպետք է պակասի, քանի որ սեփական եկամուտների հավաքագրումն ուղիղ պարտականություն լինելուց զատ, նշանակում է համայնքում իրականացվող նոր ծրագիր, համայնքի զարգացմանը միտված նոր նախաձեռնություն։ Համայնքների ղեկավարները պետք է հստակ տարանջատեն պարտաճանաչ ու սրտացավ հարկ վճարողներին անպարտաճանաչ մարդկանցից, քանզի յուրաքանչյուր հարկատու մեզ համար կարևոր է, իսկ պարտաճանաչ հարկատուն պետք է իմանա, որ պետությունը, մարզը, համայնքը գնահատում է իրեն։ Ինչ վերաբերում է անպարտաճանաչ հարկ վճարողներին, ապա հորդորում եմ համայնքների ղեկավարներին լինել առավել խիստ և ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր քայլերը»,- նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Համայնքների ղեկավարները ներկայացրել են արված աշխատանքները և վստահեցրել, որ թերացումները կվերացվեն ամենասեղմ ժամկետներում: 

ajax-loader