Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունն ամբողջական տեսք է ստանում, որի առանցքում է կրթության հասանելիությունն ու որակը բոլոր մակարդակներում։
Կառավարության նիստի ժամանակ այս մասին ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագիրը կունենա շարունակություն։
Վարչապետի խոսքով՝ նախադպրոցական կրթության հասանելիությունը դիտվում է որպես ռազմավարական ուղղություն՝ ընդգծելով, որ այն կրթության պարտադիր մաս է։
«Մենք պետք է լրջությամբ վերաբերվենք այս հարցին, որովհետև երեխան մսուրային տարիքից սկսում է սովորել, և ճիշտ է, որ մենք օգնենք նրան սովորել այն, ինչը նրա կյանքի որակը կբարձրացնի»,- նշեց նա։
Նա շեշտել է նաև հանրակրթության տրամաբանական հասանելիությունն ու մասնագիտական կրթության կապը մարզային աշխատաշուկայի հետ՝ ընդգծելով, որ այս ոլորտում ևս պետք է ապահովել զարգացող տնտեսության կարիքներին արձագանքող կրթություն։
«Մեր նպատակը պետք է լինի, որ շրջանավարտները, հատկապես մարզերում, կարողանան սերտորեն կապվել իրենց մարզի տնտեսական կյանքի հետ՝ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի միջոցով»,- նշեց վարչապետը։
Բարձրագույն կրթության համատեքստում Փաշինյանն անդրադարձավ Ակադեմիական քաղաքի ստեղծմանը՝ ընդգծելով, որ այնտեղ կգործեն նաև ավագ դպրոցներ առավել օժտված աշակերտների համար։
«Մենք, ըստ էության, հիմա ռազմավարական պատկերացում ունենք, թե ինչպես ենք շարունակելու այս ծրագիրը։ Մենք պետք է մոդելավորենք, թե 300-300 դպրոցների ճարտարապետությունն ինչպես է բավարարում նաև համայնքային, մշակութային, արվեստի և մարզական պահանջարկը։ Հաջորդ փուլում կունենանք հստակ պատկերացում՝ քանի մարզադպրոց, քանի արվեստի դպրոց և քանի երաժշտական դպրոց պետք է կառուցվի»,- եզրափակեց վարչապետը։