Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող բանակցային փաթեթների հրապարակման գործընթացը ենթարկվում է համապարփակ գնահատման՝ պետական շահերին հնարավոր վնասի տեսանկյունից։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ոչ մի սահմանափակում չեմ տեսնում։ Ամիսներ առաջ հանձնարարել եմ, որ փաստաթղթերը գույքագրվեն, կարգի բերվեն։ Այժմ կատարվում է համապարփակ վերլուծություն՝ պարզելու՝ արդյոք պետական անվտանգության հետ առնչվող թեմաներ կա՞ն, թե՞ ոչ։ Պետք է հասկանալ՝ տվյալ տեղեկատվության հրապարակումը որքանով կարող է վնասել Հայաստանի պետական շահերին»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի վերաբերյալ հանրությունը, ըստ էության, արդեն իսկ տեղեկացված է․
«Ես Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում, հարցազրույցներում, բանավեճերի ժամանակ բազմիցս անդրադարձել եմ այս թեմային։ Ճիշտ կլիներ, եթե նախկին ղեկավարները գային բանավեճի և հանրությանը ներկայացնեին իրենց դիրքորոշումները։ Բայց նույնիսկ խորհրդարանում նրանց ներկայացուցիչների բարձրացրած հարցերի համատեքստում եղել են լուրջ քննարկումներ, և բավականին բան արդեն բացահայտվել է»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ բանակցային փաթեթները հրապարակելու շուրջ քննարկումները և ուսումնասիրությունները շարունակվում են, և առաջիկայում կձևավորվի հստակ եզրակացություն։