Վարչապետը հաստատեց՝ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ից առաջարկներ ստացվել են

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ ստացվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ 

Ասուլիսի ընթացքում վարչապետը ընդգծել է՝ որևէ քննարկում չի կարող լինել առանց ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման սկզբունքի։ 

Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ից Սյունիքի ճանապարհի վերաբերյալ կոնկրետ առաջարկ ստացե՞լ են, վարչապետը պատասխանեց․ «Միացյալ Նահանգներից, այո, առաջարկներ ստացել ենք»։

Միաժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանը բարեկամ երկրներից տարբեր առաջարկներ ստացել և ստանում է, և այդ առաջարկների մասին հանրությունը ուղիղ կամ անուղղակի այսպես, թե այնպես իմանում է։  

«Շատ կարևոր է արձանագրել, որ ցանկացած հարց քննարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հիմքով»,- եզրափակեց Փաշինյանը։ 

Ավելի վաղ Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների, նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին։

Ըստ այդ աղբյուրների՝ ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնեցված ծրագիրն էր։ Դրանով կողմերը նախատեսում էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության, որը պարտավորվելու էր հետո լոգիստիկ տվյալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։

ajax-loader