Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու։ Այդ մասին Իսրայելի ղեկավարը լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը կազմակերպված ընթրիքից առաջ։
Ինչպես հաղորդում է CNN-ը, Նեթանյահուն Թրամփին է ներկայացրել Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնաժողովին ներկայացված իր նամակը՝ իր հիացմունքը հայտնելով նախագահի՝ «խաղաղության և անվտանգության ձգտման» համար։ «Մինչ մենք խոսում ենք, նա երկիրը երկրի, տարածաշրջանը տարածաշրջանի հետևից խաղաղություն է տարածում։ Ուստի ես ցանկանում եմ ներկայացնել Ձեզ, պարոն նախագահ, նամակը, որն ուղարկել եմ Նոբելյան մրցանակի հանձնաժողով։ Այստեղ ես առաջադրում եմ Ձեր թեկնածությունը, ինչին արժանի եք։ Դուք պետք է ստանաք այն»,- ասել է Նեթանյահուն։
Թրամփն անսպասելի է անվանել քայլը՝ նշելով. «Հատկապես քեզնից այն ստանալը չափազանց իմաստալից է։ Շատ շնորհակալ եմ, Բիբի»։
Ամերիկյան CNN-ը գրում է, որ այս մրցանակն իսկական մոլուցք է դարձել Թրամփի համար, որը կարծում է, թե արժանի է դրան ողջ աշխարհում հակամարտությունների, այդ թվում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի դադարեցման իր ջանքերի համար։ Ակնկալվում է, որ Վաշինգտոն կատարած այցի շրջանակում Նեթանյահուն և Թրամփը քննարկումներ կունենան խնդրի կարգավորման հարցի շուրջ։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ