Սևանա լճի էկոհամակարգի կենսաբազմազանության պահպանման շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» համագործակցությամբ մեկնարկել է Սևանի կողակի արհեստական վերարտադրության փորձնական փուլը։
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում գործող Սևանի իշխանի մանրաձկան գործարանի տնօրեն Տիգրան Վարդանյանը, գործարանի ինկուբացիոն տեղամասում արդեն մոնտաժվել է կողակի վերարտադրման համար նախատեսված ժամանակակից ինկուբատոր, որը ձեռք է բերվել տարեսկզբին։
Ներկայում իրականացվում են ծնողական կազմի տեսակավորման աշխատանքներ՝ առանձնացնելով վերարտադրության պատրաստ առանձնյակներին։
«Այժմ Սևանի կողակի արհեստական վերարտադրության մեր գործողությունները գտնվում են փորձնական փուլում։ Այն պահանջում է որոշակի ջանքեր ու ժամանակ, մինչև որ կկարողանանք Սևանա լիճ բաց թողնելու նպատակով արհեստական եղանակով ստանալ մանրաձկան առաջին խմբաքանակները։ Մեր հաշվարկներով՝ դա տեղի կունենա 2027 թվականի ընթացքում, այն հաշվով, որ այդ ժամանակահատվածում արդեն մեր ջրավազաններում Սևանի մանրաձկան քաշը կկարողանանք հասցնել մինչև 3-4 գրամի, որպեսզի նրանք կենսունակ լինեն հետագա աճի ու զարգացման համար։ Այս պահի դրությամբ արդեն ունենք շուրջ 2 հազար մայրական կազմի Սևանի կողակ, սակայն շարունակում ենք համալրումները։ Սևանի կողակի արհեստական վերարտադրության ապահովման պարագայում համարժեք ու անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն նաև բնական վերարտադրության համար, որի դեպքում հարկ կլինի ապահովել Սևան թափվող մի շարք գետերի մաքրությունն ու մշտահոսությունը»,-ներկայացրեց Տիգրան Վարդանյանը։