Հայաստանի և Վրաստանի պատմության ընթացքը դարերի խորքից եկող բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վկայություն է, և երկու ժողովուրդները կերտել են հարևանության եզակի մի օրինակ, որտեղ պատմական իրադարձությունները միայն ամրապնդել են փոխադարձ վստահությունը։
Այդ կարծիքը Վրաստանի դեսպանատանն այդ երկրի անկախության տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության, ինչպես նաև ՀՀ-ում վրացական մշակույթի օրերի բացման խորհրդանշական արարողության ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այսօր էլ Հայաստան-Վրաստան միջպետական հարաբերություններն առանձնանում են ամուր արմատներով և վստահելի գործընկերությամբ: Մեր ժողովուրդները կապված են ոչ միայն աշխարհագրական հարևանությամբ, այլև մշակութային ժառանգությամբ, հոգևոր արժեքներով և քաղաքակրթական ընտրությամբ։ Մեր նախնիները դարերով կառուցել են կամուրջներ ոչ միայն քարից ու երկաթից, այլ նաև ոգեղեն ստեղծագործության, գրական խոսքի և արվեստի միջոցով։ Մենք պարտավոր ենք արժևորել այդ ժառանգությունը, պահպանել այն՝ որպես պատմական հիշողություն՝ փոխանցելով ապագա սերունդներին որպես հոգևոր հարստություն»,- նշեց Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարի հավաստմամբ՝ հայկական կողմը բարձր է գնահատում Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային կապերի շարունակական զարգացումը և պատրաստ է առավել խորացնել ոլորտային համագործակցությունը՝ մշակութային ժառանգության պահպանության, երաժշտարվեստի, թատերարվեստի, կինոյի և մշակութային կրթության ոլորտներում՝ երիտասարդ արվեստագետների փոխանակման և բազմաբնույթ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։
«Մշակույթը յուրաքանչյուր ազգի ինքնության առանցքն է։ Վրաստանի մշակույթը մշտապես առանձնացել է իր ինքնատիպությամբ, դասական ու նորարար գեղագիտությամբ, ազգային և համամարդկային հարստությամբ: Այս օրերին հայ հանդիսատեսը հնարավորություն կունենաւհաղորդակցվելու Վրաստանի հարուստ մշակույթին իր բոլոր դրսևորումներով՝ այդ թվում ազգային խոհանոց, գինու ավանդույթներ, ստեղծարար ոլորտի ձեռքբերումներ։ Վստահ եմ՝ Վրաստանի մշակութային օրերը կհարստացնեն Հայաստանի մշակութային կյանքի գունապնակը՝ նոր բովանդակություն և ջերմություն հաղորդելով Հայաստան-Վրաստան միջմշակութային երկխոսությանը: Թող Երևանում վրացական մշակույթի այս օրերը դառնան ոչ միայն արվեստի, այլև հոգու տոն՝ ստեղծելով փոխհամագործակցության նոր հորիզոններ»,-եզրափակեց Անդրեասյանը։
Ավելի ուշ ԿԳՄՍ նախարարն «Արմենպրես»-ի և Հանրային հեռուստաընկերության հետ զրույցի ընթացքում հավելեց, որ երկու երկրների միջև առկա է մշակութային համագործակցությունը խթանելու և ավելի խորացնելու մեծ ներուժ։
«Վրաստանի մշակույթի նախարարի հետ այս օրերին քննարկել ենք համագործակցության հնարավորությունները և հատկապես երկուսս էլ շատ կարևորում ենք երիտասարդների ներգրավումը, որովհետև մենք ունենք նաև մշակութային համագործակցության շատ հարուստ պատմություն։ Այսօր կարիք ունենք իրար ավելի լավ ճանաչելու հենց այն արվեստի ու մշակույթի միջոցով, որը նաև այսօր է ստեղծվում Վրաստանում և Հայաստանում։ Այդ իմաստով քննարկել ենք համատեղ նախագծեր, որոնք կարող են իրականացվել մի շարք ոլորտներում, որովհետև մշակույթն իրականում բազմաշերտ է, և համագործակցության հնարավորությունները բազմաթիվ են, ուստի մենք շատ անելիքներ ունենք»,- ասաց Անդրեասյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ Վրաստանի մշակույթի նախարարության համակարգմամբ են գործում արվեստի բուհերը, հետևաբար այստեղ նույնպես հնարավորություններ են բացվում արվեստի ուղղությամբ կրթություն ստացող սովորողների համատեղ փոխանակման ծրագրի և բազմաթիվ այլ հետաքրքիր ծրագրերի համար, որոնք առաջին հերթին հարթակ պիտի լինեն նոր գաղափարների համար, որոնք կամրապնդեն Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը։