Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը կարծում է, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը պետք է դիտարկել երկու երկրների միջև բազմաոլորտ, բազմաշերտ հարաբերությունների համատեքստում։
Դեսպանը նման կարծիք է հայտնել Գորիսում ընթացող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։
«Բազմիցս նշվել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն ունեն պատմական մեծ հետագիձ՝ հիմնված ընդհանուր արժեքների, պատմական ամուր կապերի վրա։ Այսօր Հայաստանը և Ֆրանսիան՝ որպես պետություններ, ունեն կայուն և առանձնաշնորհյալ հատուկ հարաբերություններ, որոնցում արդեն ներառված են նաև ռազմավարական նշանակության ոլորտները, ինչպիսիք են պաշտպանության ոլորտը, ենթակառուցվածքները, տնտեսությունը»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում բոլոր ուղղություններով։
Դեսպանը հիշեցրեց, որ մեկ շաբաթ առաջ Հայաստան էր այցելել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Բավականաչափ հետաքրքիր և արդյունավետ այց տեղի ունեցավ, ստորագրվեցին փաստաթղթեր և անդրադարձ կատարվեց նաև ապակենտրոնացված համագործակցությանը։ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում կարևոր դեր է խաղում նաև ապակենտրոնացված համագործակցությունը, որը սկիզբ է առել մեր հանրապետության անկախացումից ի վեր։ Այս համագործակցությունն օրեցօր զարգանում է։ Չնայած Հայաստանը և Ֆրանսիան ունիտար պետություններ են՝ ապակենտրոնացված համագործակցությունը երկու երկրների միջև հնարավոր է դառնում նաև միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը զուգընթաց, երբ տրադիցիոն հարաբերությունների կողքին ձևավորում են նաև համայնքների միջև հարաբերությունները՝ ի լրումն միջկառավարական հարաբերությունների։ Սա մի նոր ոլորտ է, որտեղ հնարավոր է դառնում նպաստել երկրների տարածքների կայուն զարգացմանը, բերել միջազգային համերաշխություն ու նպաստել համայնքային զարգացումներին»,- մանրամասնեց դեսպանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի համար Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցությունն ունի ռազմավարական բնույթ։
«Ես կբերեմ փաստարկներ, թե ինչու է այդպես։ Առաջին հերթին այս համագործակցությունը նպաստում է մեր անվտանգությանը։ Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության մեջ ներգրավված մարզերը՝ Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ձորը, Տավուշը, սահմանամերձ են և ունեն բավականաչափ խոցելիություն։ Այսօր մենք Սյունիքի մարզում ենք, և այս միջոցառման կազմակերպումը խորհրդանշական է և արտահայտում է մեր, ֆրանսիական կողմի աջակցությունը Սյունիքի մարզի դիմակայունությանը և ընդհանրապես Հայաստանի անվտանգության խնդիրներին։ Երկրորդը՝ քաղաքական առումով. 2020 թվականին 44-օրյա պատերազմից հետո, 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանման ընթացքում Ֆրանսիայի գրեթե բոլոր համայնքներն ընդունեցին բանաձևեր, սատարեցին, հումանիտար ու քաղաքական լուրջ աջակցություն ցուցաբերեցին, երբ Հայաստանը դժվար իրավիճակում էր։ Ապակենտրոնացված համագործակցության կարևոր ուղղություններից է համայնքների տնտեսական կարողությունների ամրապնդումը, կան բազմաթիվ ծրագրեր այս ուղղությամբ։ Մյուսը հայկական սփյուռքի ներգրավումն է ապակենտրոնացված համագործակցության մեջ։ Այս ապակենտրոնացված համագործակցությունը կառուցվածքային մեխանիզմ է ապահովում նաև սփյուռքի ներուժի ներգրավման համար Հայաստանի ՏԻՄ-երի զարգացման գործում։ Վերջում կցանկանայի նշել, որ այս համագործակցությունը նաև աջակցություն է Հայաստանի ժողովրդավարությանը, տեղական ժողովրդավարությանը։ Այսօր մեր ինքնության կարևոր մաս է կազմում նաև ժողովրդավարական երկիր լինելը, իսկ ժողովրդավարությունը սկսվում է նաև տեղերից։ Այս համագործակցության շնորհիվ է, որ մենք բերում ենք նաև ֆրանսիական փորձը՝ օգնելու մեր համայնքներին լուծելու իրենց խնդիրները և զարգացնելու տեղական ժողովրդավարությունը»,- նշեց Արման Խաչատրյանը։