Վարդենիս համայնքի Արփունք գյուղում կրթահամալիր է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արփունք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2025 թվականի մարտից մեկնարկել և ընթանում են 144 տեղանոց, արդի չափորոշիչներին համապատասխան կրթահամալիրի կառուցման աշխատանքները։ 

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, կրթահամալիրը կառուցվում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, ՀՀ պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 251 միլիոն 258 հազար դրամ։ 

Կրթահամալիրը սպասարկելու է Վարդենիս համայնքի Արփունք և Ավազան գյուղի դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաներին։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Սթրոնգ Բիլդեր» ՍՊԸ-ն, նախատեսվում է ավարտել 2027 թվականի փետրվարին։ 

ajax-loader