Հայաստանն ու Չինաստանը գտնվում են հարաբերությունների զարգացման փուլում. Արարատ Միրզոյանը՝ Լի Սինվեյին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2025 թ. մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը: 

«Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում՝ թե՛ բարձր մակարդակում քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական ու այլ ոլորտներում փոխգործակցության առումով, և ես մեծապես կարևորում եմ առկա հնարավորությունների առավելագույնս իրացումը», – ընդգծել է նախարար Միրզոյանը:

Անդրադարձ է կատարվել միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային զարգազումների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է ներկայիս՝ անորոշություններով, բայց և միաժամանակ հնարավորություններով լի ժամանակաշրջանում փոխշահավետ գործընկերությունների զարգացման կարևորությունը:

Արարատ Միրզոյանը և Լի Սինվեյը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացմանն առնչվող հարցեր, ինչի համատեքստում նշվել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ ձևավորված հետաքրքրությունը:

ajax-loader