ԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման բոլոր հնարավորությունները։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլթցը։
«Բոլոր տարբերակները դիտարկվում են։ «Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը] միանգամայն լուրջ է տրամադրված այս հարցում»,- ասել է Ուոլթցը New York Post-ի հարցազրույցում՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորության մասին հայտարարությունները։
Նախագահի օգնականը հույս է հայտնել, որ Թրամփի առաջիկա այցը Սաուդյան Արաբիա, Կատար եւ ԱՄԷ մայիսին կօգնի առաջ շարժվել տարածաշրջանում մի շարք հակամարտությունների դադարեցման հարցում։ Միացյալ Նահանգները ներկայում պայքարում է հութիների դեմ՝ Կարմիր ծովում նավարկության ազատության համար, եւ աշխատում է Գազայի հատվածում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, նշել է Ուոլթցը։
Ապրիլի 26-ին Օմանի միջնորդությամբ Մասկատում տեղի ունեցավ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ անուղղակի բանակցությունների երրորդ փուլը՝ ուղղված Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորմանը։ Կողմերի միջեւ խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Հռոմում։ Հաջորդ բանակցությունները տեղի կունենան նորից Իտալիայի մայրաքաղաքում մայիսի 3-ին: Բարձր մակարդակի քաղաքական բանակցություններին զուգահեռ Օմանի մայրաքաղաքում անցկացվել են տեխնիկական խորհրդակցություններ փորձագետների հետ՝ քննարկելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր համաձայնագրի մանրամասները:
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ