Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից 7 բուժառու, ուղեկցողների հետ միասին, օգոստոսի 22-ին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
«Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 4-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ, 3 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. որից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։