Գագարինի ջերմոցային տնտեսությունն արդեն գործելու է 7,2 հեկտարի վրա

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղում 2022 թվականից հիմնադրված ջերմոցային տնտեսությունը գործելու է արդեն 7,2 հեկտարի վրա։ 

Ինչպես տեղեկացանք Գագարինի  ջերմոցային տնտեսությունը հիմնադրած և շահագործող «Գևմիկ» ՍՊԸ տնօրեն Հրայր Աթանեսյանից, տնտեսությունը հիմնադրվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում։ Ջերմոցային տնտեսությունը, որտեղ աճում են տարբեր տեսակի ծաղիկներ, կառուցվել է 2 փուլով։

Առաջին փուլով կառուցվել է 3,3 հեկտար՝ 4 միլիարդ 600 միլիոն ներդրմամբ, իսկ երկրորդ փուլով՝ 3,4 հեկտար, 2 միլիարդ 900 միլիոն դրամ ներդրմամբ։ Առաջիկա շաբաթների ընթացքում տնտեսության ջերմոցները կընդարձակվեն ևս 0,5 հեկտարով։   

Այսպիսով՝ ջերմոցային տնտեսության հիմնման ու գործունեության ապահովման նպատակով մինչ այժմ ներդրվել է 7 միլիարդ 500 միլիոն դրամ, որտեղ պետական աջակցությունը վարկի սուբսիդավորման տեսքով կազմում է 3 միլիարդ 100 միլիոն դրամ։ 

Ջերմոցների շինարարության ժամանակ բացվել է ավելի քան 250 ժամանակավոր աշխատատեղ, իսկ աշխատանքների ավարտից հետո՝ 200 մշտական աշխատատեղ։ 

Ջերմոցներն աշխատում են ավտոմատացված համակարգով, գործում է կաթիլային ոռոգման համակարգ։ 

Ողջ արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է։ 

Ընկերությունը նպատակ ունի առաջիկա երկու տարվա ընթացքում ջերմոցային տնտեսության ծավալները կրկնապատկել, ինչի շնորհիվ Գագարինում ու շրջակա բնակավայրերում նվազում է գործազրկությունը, էապես բարելավվում է մարդկանց սոցիալական վիճակը։ 

Օրերս ներդրումային ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով Գագարինի ջերմոցային տնտեսություն է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով  գոհունակություն է  հայտնել ներդրումային ծրագրի իրականացման ընթացքից ու արդյունքներից և հավաստել, որ իր լիազորությունների շրջանակներում շարունակելու է աջակցել ջերմոցային տնտեսության հետագա ընդլայնման ծրագրի իրականացմանը։ 

ajax-loader