Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին և բժշկական սարքավորումներ՝ պայթյունից տուժածների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը սեպտեմբերի 26-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինիի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված աշխատանքներին՝ նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող քայլերը։ Նախարարը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերը՝ դժվարին իրավիճակներում Հայաստանի կողքին լինելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

«Դեսպան Դըկոտինին ևս, ընդգծելով հումանիտար ճգնաժամի հաղթահարման կարևորությունը, նախարարին հայտնել է, որ Ֆրանսիայի կառավարությունը՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ, որոշում է կայացրել 7 մլն եվրո տրամադրել՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով ։

Դեսպանի խոսքով՝ ֆրանսիական կողմը պատրաստվում է նաև ՀՀ ուղարկել բժշկական պարագաներով և սարքավորումներով բեռնված օդանավ՝ ԼՂ-ում բենզալցակայանի պայթյունից տուժած անձանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ համագործակցությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Տուժել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչությունը:

ajax-loader