Ծաղկաձոր համայնքում նախատեսվում է նոր վարչական շենքի, թատրոնի, ավտոկայանատեղիի և զբոսայգու կառուցում։ ՀՀ կառավարության նիստին այդ մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքին կհանձնի 3680 քմ մակերեսով շենք-շինություններ և 2.9 հա հողատարածք, որի վրա մինչև 2029 թվականը կկառուցվեն վարչական նոր շենք, թատրոն, ավտոկայանատեղի (110-200 մեքենայի համար), քաղաքային զբոսայգի (2 հա տարածքով)։
«Նախագծով նախատեսվում է համայնքի միջոցներով մինչև 2029 թվականի ավարտը նվիրաբերվող տարածքում իրականացնել 1 միլիարդ դրամի ներդրում»,-նշեց Սիմոնյանը։
Փոխնախարարը նշեց, որ Ծաղկաձորի Օրբելի եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող 339.6 քմ մակերեսով վարչական շենքը և 610 քմ հողատարածքը կնվիրաբերվի Հայաստանի Հանրապետությանը, սակայն համայնքը կշարունակի գործել նույն վայրում, մինչև նոր վարչական շենքի կառուցումը։
«Ներկայումս նվիրաբերվող հողամասի վրա կա 5 շինություն, որոնք ենթակա են փոխարինման երկու նոր շենքով՝ վարչական շենք և թատրոն։ Կիսանկուղային հարկերում և բակային տարածքում կառուցվելու են ավտոկայանատեղիներ՝ նախատեսված 110-200 ավտոմեքենայի համար»,-եզրափակեց Սիմոնյանը։