Երևանում անցկացվեց փոքր և միջին ձեռնարկություններին նվիրված համաժողով

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունն անցկացրին «ԵՄ-ն բիզնեսի համար- ՎԶԵԲ վարկային գիծ Հայաստանում՝ Ազդեցությունն առ այսօր և ապագա անելիքները» խորագրով համաժողով՝ նպատակ ունենալով լավարկել ՓՄՁ-ների մրցակցության և առևտրի բարելավմանը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԵՄ երկրների հետ:

«ԵՄ-ն բիզնեսի համար- ՎԶԵԲ վարկային գիծը Հայաստանում» ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի համատեղ նախաձեռնությունը առաջարկում է վարկերի, դրամաշնորհների և անվճար տեխնիկական աջակցության համադրություն:

«Հայաստանում ծրագիրը գործում է 2021 թվականից և նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են փոխարինել հին տեխնոլոգիաները ավելի էներգիաարդյունավետ և արդիական տեխնոլոգիաներով, բարձրացնել արտադրանքի որակը և խթանել մրցակցությունը թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում»,- ասաց ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավարն Գեորգի Ախալկացին:

Նա նշեց, որ ծրագրի ներքո հայաստանյան ավելի քան 70 փոքր և միջին ձեռնարկություններ արդեն ներդրումներ են կատարել կանաչ տեխնոլոգիաներում և բարձրացրել իրենց մրցունակությունը:

«Ծրագիրն առաջարկում է ԵՄ դրամաշնորհներով զուգորդված վարկեր ՎԶԵԲ-ի կողմից, որոնք ուղղված են փոքր ընկերություններին՝ տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով, մի ցանցում, որն արդեն միավորում է 5 առևտրային բանկ: Անցած երկու տարիների ընթացքում երկրի փոքր բիզնեսներին տրամադրել են ընդհանուր 14.5 մլն եվրոյի չափով գումար՝ 89 ներդրումային ծրագերի համար»,- ասաց Ախալկացին:

Նա ընդգծեց՝ ընդհանուր առմամբ ծրագիրն աջակցում է Հայաստանի տնտեսության աճին և ՓՄՁ ոլորտի դիմակայությանը:

Ծրագրին մասնակցում են Ամերիաբանկը, Արմսվիսբանկը, Ինեկոբանկը, Ակբա բանկը, Հայէկոնոմբանկը: Ապագայում նպատակ ունեն թիվը կրկնապատկել:

Հաջողված ներդրումների արդյունքում տարբեր ոլորտներում գործող ընկերությւոնները ստանում են մինչև 15 տոկոս քեշբեք, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում:

«Մենք ոգևորությամբ ենք մասնակցում այս ծրագրին՝ աջակցելով Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) մրցունակության բարձրացմանը և նրանց անցմանը դեպի կանաչ տնտեսություն։ Նոր և հատկապես կանաչ տեխնոլոգիաներում ներդրումները ոչ միայն կբարելավեն հիմնական տնտեսական ոլորտների բնապահպանական ցուցանիշները, այլև կնախապատրաստեն ՓՄՁ-ներին, որպեսզի նրանք ավելի ճկուն լինեն և հարմարվեն կանաչ տնտեսության անցմանը։ Վերջինս մի ոլորտ է, որտեղ ԵՄ-ն առաջիկա տարիներին ավելի շատ ծրագրեր կիրականացնի Հայաստանին աջակցելու համար», – ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Դեսպանը լիահույս է, որ ծրագիրը լինելու է փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում իրենց ներգրավման ենթասյուներից մեկը:

ajax-loader